«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից», - երեք ու կես տարի առաջ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։
Իսկ երեկ Եվրոպական դատարանի վճիռներով խախտումներ թույլ տված դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չավարտեց իր կարիերան, այլև ընտրվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։
Քվեարկությունը գաղտնի է և պարզ չէ, թե դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի որ անդամներն են կողմ արտահայտվել 59-ամյա Մարտիրոսյանի թեկնածությանը, ովքեր՝ դեմ։
«Մնացական Մարտիրոսյանը, էդպես որ ասենք, արդարադատության համակարգում կայուն արժեք է», - ասում է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով փորձագետ Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, թե Մնացական Մարտիրոսյանի վճիռներից թերևս ամենաշատը տուժել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը։ 2008-ի նախագահական ընտրություններից ու արյունալի ցույցերից հետո Մարտիրոսյանը մեկը մյուսի հետևից մեղադրական դատավճիռներ էր կայացրեց՝ եզրահանգելով, որ ընտրությունների արդյունքները վիճարկող առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամներն ու աջակիցները զանգվածային անկարգություններ են կազմակերպել ու կատարել մայրաքաղաքի կենտրոնում։
«Եվրոպական դատարանը ըստ էության իր բոլոր վճիռներով հարցականի տակ է դրել ընդհանրապես հանցադեպը՝ արդյո՞ք հանցագործության դեպք գոյություն ունեցել է, թե չի ունեցել։ Եթե Մնացական Մարտիրոսյանը վերանշանակվում է հայկական արդարադատությունում, բնականաբար, 2008-ի բոլոր վճիռները պիտի հիմնականում մնային անփոփոխ», - նշեց Խաչատրյանը։
Իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատավորի ընտրությունն այնքան էլ էական չեն համարում, նրանց քննադատությունն ուղղված է ժամանակին դատարական համակարգը արմատապես բարեփոխելու խոստում տված վարչապետին։
Մարտիրոսյանի կայացրած վճիռներով մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչներ են դատապարտվել, այդ թվում՝ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Նիկոլ Փաշինյանը։ Եվրադատարանը անցած տարի եզրահանգել էր, որ հենց այս վճռով խախտվել են Փաշինյանի իրավունքները, դրանից հետո Հայաստանի վարչապետն արդարացվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումըԱռաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի կարծիքով, Փաշինյանին ժամանակին դատած դատավորը այժմ պետք է նույն Փաշինյանին. - «Գործող իշխանությունը գնալով հնգամյա պլանը ուզում է երեք տարում կատարել և հավասարվել ու անցնել իրեն նախորդած ռեժիմներին։ Այս իշխանությունն ակնհայտ ցույց է տալիս, որ ինքը պատրաստվում է այդ դատավորներին օգտագործել, առնվազն չի բացառում, որ այն ծառայությունները, որոնք նախկինում մատուցել են այս դատավորները իրենց իշխանություններին, նա այդ դատավորներին պահում է անձեռնմխելի, որ ըստ անհրաժեշտության օգտվի նրանց նմանատիպ ծառայություններից»։
Մարտիրոսյանի մեկ այլ վճիռ էլ կայացվել է Հյուսիսային պողոտայի բնակիչների վտարման գործով։ Տարիներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրահանգեց՝ Հայաստանի կառավարությունը խախտել է քաղացու՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքը և պարտավորեցրեց ավելի քան 1 միլիոն 600 հազար եվրո վճարել դիմումատու ընտանիքին։
Իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները երեկվա ընտրությունն այնքան էլ էական չեն համարում, նրանց քննադատությունն ուղղված է ժամանակին դատական համակարգը արմատապես բարեփոխելու խոստում տված վարչապետին։
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահը Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Փաշինյանը ոչ թե չկարողացավ մաքրել դատաիրավական համակարգը, այլ պարզապես չցանկացավ. - «Ժողովուրդը քվե է տվել, ասել է՝ դառի իշխանություն, էդ ինչի՞ է տվել։ Է, Սերժիկը կմնար, էլի... Չի ուզում։ Մի ժամանակ կար, որ ես մտածում էի, թե չի կարող, գիտելիքներ չունի, պատշաճ խորհրդատուներ չկան։ Հիմա հետզհետե համոզվում եմ, որ չի ուզում։ Թե ինչու չի ուզում, էս պիտի իրեն հարցնել անպայման։ Ինքն է խոսել այդ մասին, ինքն է ասել, 18 թվականի օգոստոսի 17-ին իր հանրահավաքի ելույթում ինքն է խոսել անցումային արդարադատության մասին։ 19 թվականի մայիսի 20-ին կառավարության շենքում խորհրդակցության ժամանակ ինքն է խոսել վեթինգի մասին, ինքն է նշել այն հինգ կետերը, որ պիտի իրականացվեն դատական համակարգի բարեփոխման համար»։
Ինչու այսչափ քննադատված դատավորը որոշեց մասնակցել Հակակոռուպցիոն դատարանի դատավորների մրցույթին։ Մնացական Մարտիրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, թե հարցերը կարող ենք ուղղել դատական դեպարտամենին։
Վարչապետի կուսակցության արդեն նախկին անդամ Կարեն Անդրեասյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն այս հարցով չի շտապում մեկնաբանություններ տալ։ Չեն հրապարակվում նաև դատավորի բարեվարքությունը ստուգած երկու կառուցի ու մեկ միջազգային փորձագետի եզրակացությունները, որոնք, պարզվում է, բացասական են եղել։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն է բացահայտում, որ թե' իրենք՝ որպես անկախ մարմին, թե' միջազգային փորձագետը և թե' Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն են տվել, ընդ որում, Մարտիրոսյանը միակ թեկնածուն է՝ որ չունի դրական բնութագիր։ Պարզվում է՝ բնութագրերը խորհրդատվական բնույթ ունեն, ստացվում է՝ օրենքի այդ պահանջը ձևական է, ասում է Իոաննիսյանը. - «Այո, սա նաև հարց ա առաջացնում էն մասով, թե ինչու ա առհասարակ մտցվել բարեվարքության ստուգման, բարեվարքության եզրակացությունների ինստիտուտը, եթե բացասական եզրակացություններով անձը կարող է միևնույն է նշանակվել»։
Դատավորների նշանակման հարցում վերջին քայլը նախագահինն է։ Քաղհասարկության ներկայացուցիչները ակնկալում են, որ Վահագն Խաչատրյանը Մարտիրոսյանին չի նշանակի դատավոր։