Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակած վճռով եզրահանգել է, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իրավունքները։
Ավելի քան 11 տարի քննելով Հայաստանի դեմ ներկայացված բողոքը՝ Եվրադատարանը համարել է, որ խախտվել են Նիկոլ Փաշինյանի երկու հիմնարար՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։
Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։
ՄԻԵԴ-ում նրա փաստաբան Լևոն Գևորգյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ ընթացքում հրաժարվել է գործից։
Մարտյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արդեն մեկ տասնյակից ավելի վճիռներ կան ընդդեմ Հայաստանի։ Եվրադատարանում իրավունքների պաշտպանության փորձ ունեցող փաստաբան Լուսինե Հակոբյանն ասում է, որ այս վերջինում ևս հեղինակավոր դատարանը վերահաստատում է իր տեսակետն այն մասին, որ շուրջ 14 տարի առաջ Երևանի Ազատության հրապարակում մարտի 1-ին տեղի ունեցած հավաքը խաղաղ էր, իսկ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ուժայինների կիրառած միջոցները, այդ թվում ընդդիմադիրների ազատազրկումները, ոչ իրավաչափ։
«Դատարանը էլի վերահաստատում է իր դիրքորոշումը, որ այդ վարկածը իրեն չի համոզել և, ըստ էության, համոզել է հակառակը՝ այն վարկածը, որ այդ օրը այդ ժամին ոստիկանական գործողությունները կազմակերպվել են խաղաղ հավաքը ցրելու նպատակով։ Անդրադառնում է նաև այդ օրվա ավելի ուշ ժամերին տեղի ունեցած իրադարձություններին՝ բռնություններին, բախումներին, որոնց հետևանքը եղել են տասը զոհերը և հանրային ու մասնավոր գույքին պատճառված վնասը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լուսինե Հակոբյանը։
2008-ի փետրվարին մայրաքաղաքում սկիզբ առած հետընտրական հավաքներում պաշտոնական արդյունքներով Սերժ Սարգսյանին պարտված առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի թիմակիցները նոր քվեարկություն էին պահանջում։ Ավելի քան տասն օր տևած հավաքներն ավարտվեցին բախումներով, ինչի հետևանքով 10 քաղաքացի զոհվեց, մի քանի տասնյակ մարդ բանտարկվեց։
Հայաստանի գործող վարչապետը այն ժամանակ Տեր- Պետրոսյանի ակտիվ աջակիցներից էր և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Փաստաբան Հակոբյանն, ուսումնասիրելով վարչապետին վերաբերող վճիռը, նկատում է, որ դատարանը հղումներ է արել սրանից առաջ նույն իրադարձությունների առնչվող այլ վճիռներին, որտեղ խոսք է գնում հավաքների խաղաղ լինելու մասին։ Եվրադատարանը, վերլուծելով այդ իրադարձությունները, անդրադառնում է Հայաստանի կառավարության դիրքորոշմանը, թե ընդդիմադիրները զինվել են իշխանությունը տապալելու համար։ Բայց դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ իշխանության վարկածն իրեն չի համոզել։
Փաստաբանը ուշադրություն է հրավիրում, որ դատարանը վկայակոչել է միջազգային հեղինակավոր զեկույցներ, որտեղ ընդդիմադիրների քրեական հետապնդումները որակվել են արհեստական և քաղաքական. - «Ըստ էության, դատարանի գնահատականները ևս վերահաստատում են, որ Նիկոլ Փաշինյանը այդ դեպքերի առնչությամբ ունեցել է քաղբանտարկյալի կարգավիճակ»։
Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս հետախուզվելուց հետո 2009-ին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, ապա դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Բանտում ավելի քան մեկ տարի անցկացնելուց հետո նա համաներմամբ ազատ արձակվեց։ Անցած տարիներին նաև նրա հասցեին է հնչել քննադատություն, թե Ազատության հրապարակից իր ընդդիմադիր ելույթներով բախումներ է հրահրել, սակայն փաստաբան Հակոբյանը վկայակոչում է Եվրադատարանի վճիռը, ըստ որի ներպետական դատարանների որոշումները եղել են ընդհանրական, կոնկրետ և հանգամանալից փաստեր չեն ներկայացրել հիմնավորելու, որ Փաշինյանի կոչերը եղել են ապօրինի և ոչ իրավաչափ։
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ կուսակցությունը արյունալի այդ իրադարձության համար շարունակում է մեղադրել այն ժամանակվա իշխանություններին, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդարացվեց Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության» եթերում կրկին հիշեց իրենց կազմակերպած հավաքների խաղաղ լինելը. - «Մարտի 1-ին նրանք հենց ջախտախեցին առաջին հերթին բողոքների կառավարման մեխանիզմը՝ ձերբակալելով Տեր-Պետրոսյանին, դնելով նրան տնային կալանքի տակ, ոչնչացնելով աուդիոտեխնիկան, որը շատ կարևոր գործիք է զանգվածի կառավարման համար, ձերբակալելով բազմաթիվ կազմակերպիչների։ Այսինքն՝ իրենք հենց էդ խաղաղ կազմակերպման մեխանիզմը իրենք ջախջախեցին Մարտի 1-ին, հետո էլ այդ բռնությունների, հակամարտության ամբողջ մեղքը դրեցին մեզ վրա»։
Մարտյան իրադարձությունների վերաբերյալ Եվրադատարանի վճիռները անցած 3 տարիներին հիմք են հանդիսացել, որ տասնյակ ընդդիմադիրներ արդարացվեն հայաստանյան դատարաններում։ Նույնը կարող է տեղի ունենալ վարչապետ Փաշինյանի դեպքում։