Մենենդես. Ադրբեջանին ԱՄՆ օգնությունն անընդունելի է և բարոյապես աններելի

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում ռազմական աջակցությունն Ադրբեջանին, Պետդեպարտամենտը վստա՞հ է, որ այդ օգնությունը չի ուղղվում Հայաստանի դեմ, և ի՞նչ գնահատական է տվել Վաշինգտոնը Ադրբեջանին` Հայաստանի վրա սեպտեմբերին կատարված հարձակումից հետո. երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ավելի քան մեկ ժամ փորձում էր այս հարցերի պատասխանները ստանալ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդից և պետքարտուղարի Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերից:

Քննարկումը սկսեց հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը՝ հստակ հարցադրմամբ. - «Միացյալ Նահանգները ինչո՞վ կարող է արդարացնել որևէ՝ անվտանգային կամ այլ տեսակի օգնության տրամադրումը Բաքվի վարչակազմին։ Դա անընդունելի է, բարոյապես աններելի և ծաղրի է ենթարկում Ազատության աջակցության ակտը, որի 907-րդ բանաձևն ասում է՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Ղարաբաղի դեմ ու չի վերացրել շրջափակումը»։

907-րդ բանաձևն ընդունվել էր 1992 թվականին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, Վաշինգտոնը սկսեց համագործակցել Ադրբեջանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում, Կոնգրեսն էլ հնարավորություն տվեց, որ Սպիտակ տունը կասեցնի սահմանափակումները՝ հանուն Ամերիկայի ազգային անվտանգության: Թեև նախագահ Բայդենը ընտրությունից առաջ խոստացել էր հրաժարվել այդ պրակտիկայից, սակայն երկրորդ տարին է՝ նա ևս շրջանցում է արգելանքը: Արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրների, անցած 20 տարում Ամերիկան Ադրբեջանին ավելի քան 800 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել:

«Մեղմ կլինի ասել, որ ես խորապես դեմ եմ որևէ աջակցության մի զինուժի, որը հայտնի է հարևան երկրի հանդեպ հարձակումներով ու պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում, այդ օգնությանը Պետդեպում հավանություն տվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կատարված վերջին՝ սեպտեմբերյան հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ», - ընդգծեց Մենենդեսը։

ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդ, արխիվ

Ի պատասխան՝ փոխպետքարտուղար Դոնֆրիդը հավաստիացնում էր, թե որոշումը կայացնելիս ծանրութեթև են արել բոլոր փաստերը, «տրամադրվում են միայն պաշտպանական միջոցներ, որոնք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ»:

«Մենք ոչ մահաբեր սարքավորումներ ենք տրամադրում սահմանի անվտանգության ապահովման համար, որը էական արդյունքներ է տվել՝ հաշվի առնելով Իրանից եկող անդրազգային սպառնալիքներն ու դեպի Հարավային Կովկաս, Ռուսաստան ու Եվրոպա գնացող մաքսանենգ ճանապարհները։ Ուստի ես հավատում եմ, որ սա կաջակցի սահմանների անվտանգությանը», - ասաց փոխպետքարտուղարը։

«Եվ նաև թույլ կտա Ադրբեջանին խախտել Հայաստանի փաստացի սահմանները... », - հակադարձեց Մենենդեսը, ընդգծելով՝ Վաշինգտոնը փաստացի իր վրա է վերցնում միլիոնների ծախսեր՝ հնարավորություն տալով Բաքվին այդ գումարը խնայել ու օգտագործել այլ նպատակով, այդ թվում՝ Հայաստանի դեմ հարձակողական զենքեր գնելու վրա:

ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքեր, արխիվ

Հաջորդ հարցը վերաբերում էր Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական աջակցությանը՝ ի՞նչ է արվում պատերազմից տուժած հայերի համար: Պարզվեց՝ Ամերիկայի կառավարության պաշտոնյաների կամ մարդասիրական առաքելությունների մուտքը Ղարաբաղ ծայրաստիճան սահմանափակված է: «Անգամ ես անցած ամիսներին ի վիճակի չեմ եղել Ստեփանակերտ այցելել», - ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ու չնայած դժվարություններին ու անգամ վերջին բախումներին՝ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում էին՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն ունեն: Ընդ որում, Ֆիլիպ Ռիքերն ընդգծում էր՝ Ամերիկան ու Եվրամիությունը միայն աջակցում են շփումներին, մինչդեռ օրակարգը իրենք՝ կողմերն են ձևավորում:

«Կողմերը համաձայնել են խաղաղության համաձայնագրի ընդարձակ հինգ սկզբունքների շուրջ: Հայաստանն ուզում էր վեցերորդ սկզբունքը ներառել, որը կերաշխավորեր Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցերը: Ակնհայտորեն դա մի բան է, որ պետք է քննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Բաքվի միջև, և ես ընդգծեցի, որ դրա համար պետք է լինի միջազգային մեխանիզմ», - ասաց Ռիքերը։

Դիվանագետը նշեց, որ պետքարտուղար Բլինքենը նաև տեխնիկական աջակցություն է առաջարկել Բաքվին ու Երևանին մի շարք հարցերում՝ սկսած սահմանի դելիմիտացիայից մինչև տրանսպորտային երթուղիների պլանավորում:

Սենատորներն իրենց հերթին նշում էին՝ ամերիկյան այդ ջանքերն առավել արդյունավետ կլինեին, եթե վարչակազմն ավելի կոշտ լիներ Ադրբեջանի հարցում՝ իրերը կոչելով իրենց անուններով:

«Ինձ հիասթափեցնում է, երբ Պետքարտուղարությունը շարունակ բռնությունից զերծ մնալու կոչ է անում երկու կողմերին: Երբ մեկն ագրեսոր է, պետք է հենց այդպես էլ ասել: Կարծում եմ՝ խորը գիտելիքներ անհրաժեշտ չեն գիտակցելու համար, թե ով է ագրեսորն այստեղ, ով ունի համապատասխան կարողություն՝ այս հակամարտությունում ագրեսոր լինելու համար: Դա Ադրբեջանն է»,- հայտարարեց Մենենդեսը:

Հարցուպատասխանն անցնում էր լարված, սենատորները հաճախ էին դիվանագետներին ընդմիջում, կամ՝ խաչաձև հարցեր տալիս՝ պահանջելով կոնկրետ ու սպառիչ պատասխաններ:

«Տեսե՞լ եք տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորները սառնասրտորեն սպանում են հայ գերիներին»։ - «Բազմաթիվ տեսանյութեր եմ տեսել», - փորձեց խուսանավել Ֆիլիպ Ռիքերը: - «Կարողացե՞լ եք ստուգել դրանց հավաստիությունը», - շարունակեց Մենենդեսը, - «Կամ տեղյա՞կ եք Ադրբեջանի կողմից ապօրինի զինատեսակների՝ այդ թվում սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին»:

Չստանալով հստակ պատասխաններ՝ հանձնաժողովի նախագահը պնդեց՝ սա իր մասնակցությամբ տեղի ունեցած ամենահիասթափեցնող քննարկումն էր: «Բայց այն նաև ակնհայտ դարձրեց ինձ համար, որ Միացյալ Նահանգները սիրախաղի մեջ է Ադրբեջանի հետ: Տիկին Դոնֆրիդն ասում է, թե մենք պահանջում ենք Ադրբեջանից հարգել մարդու իրավունքները, ու զուգահեռ՝ շարունակում ենք գումար տրամադրել այդ երկրին, նրանք էլ շարունակում են անել այն, ինչ ուզում են: Մենք ոչինչ չենք արել`ստուգելու և հաստատելու անթույլատրելի զինատեսակների, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին հաղորդումները, ոչինչ չենք արել հայ զինվորների գնդակահարության տեսանյութերը հաստատելու ուղղությամբ», - թվարկում էր Մենենդեսը, ընդգծելով՝ պատերազմից երկու տարի անց մեղավորները դեռ չեն ենթարկվել պատասխանատվության: