Ադրբեջանի ԱԳՆ․«Ֆրանսիայի Սենատի բանաձևը սադրիչ բնույթ ունի»

Ադրբեջանի ԱԳՆ շենքի ցուցանակը, արխիվ

Պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ երեկոյան ընդունված բանաձևը, որով ֆրանսիացի օրենսդիրները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, ինչպես նաև պահանջում են ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։

«Ֆրանսիայի Սենատի բանաձևը սադրիչ բնույթ ունի և վնասում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը», - պնդում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Սենատի բանաձևում իրականությունից հեռու, կեղծ և շինծու իրողություններ են մատնանշված։ Փաստաթուղթը չունի իրավական որևէ ուժ և մեկ անգամ ևս ի ցույց է դնում խաղաղ գործընթացում առաջընթացին նպաստելու իր մտադրության մասին հայտարարող Ֆրանսիայի միակողմանի և կողմնակալ քաղաքական դիրքորոշումը», - նշված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ը անդրադառնում է նաև Սենատի բանաձևի այն հատվածին, որ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովմանը, նշելով․

«Այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի ներքին հարցն են և ապահովվելու են Ադրբեջանի սահմանադրության դրույթներին համապատասխան»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը «չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը»Արցախի ԱԳՆ-ը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևըՖրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը