Պեմզաշենի սպանության գործով երկու մեղադրյալների կալանավորումից հետո իրավապահները նոր՝ էլ ավելի ահասարսուռ մանրամասներ հայտնեցին ողջ Հայաստանը ցնցած հանցագործությունից, որի զոհը դարձան 31-ամա Զարինե Մելիքսեթյանը ու նրա երեխաները՝ 8-ամյա Սարգիսը և 12-ամյա Կարինեն։
Քննչական կոմիտեն դեպքից մեկ շաբաթ անց հաստատեց օրեր շարունակ շրջանառվող վարկածը, որ բացի առանձնակի դաժան սպանությունից, աղջնակի նկատմամբ նաև սեռական բռնություն է եղել։ Կալանավորված Վրույր Բարսեղյանը և Արկադի Բարսեղյանը ազգականներ են, երկուսն էլ Պեմզաշենի բնակիչներ։
Ըստ իրավապահների՝ մոր ու երեխաների դաժան սպանության շարժառիթը գումարի հափշտակությունն է եղել։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկը, որ տառապում է «սուիցիդալ մտքերով անձի էմոցիոնալ խանգարում» հոգեկան հիվանդությամբ, անցած երեքշաբթի ժամը 21:00-ի սահմաններում, իր 41-ամյա ազգականի հետ ապօրինի մտել է կնոջ տուն՝ գումար հափշտակելու նպատակով։ Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեմզաշենում կնոջ ու նրա երկու զավակների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ32-ամյա տղամարդը, որի մասին խոսում է Քննչականը, Վրույր Բարսեղյանն է։ Շիրակի մարզի բուժհաստատությունները չեն հայտնում՝ արդյոք նա երբևէ բուժվել է հոգեբուժական հաստատությունում կամ նման հիվանդությամբ ինչու խնամքի հաստատությունում չի եղել։ Վրույր Բարսեղյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել էր վաղ առավոտյան, նրա հանրային պաշտպանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ Վրույր Բարսեղյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ առանձնակի դաժան սպանության, ավազակության և անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության համար։
Մյուս մեղադրյալի՝ Արկադի Բարսեղյանի կալանքի հարցով դռնփակ նիստն այսօր երկու անգամ հետաձգվեց փաստաբանի խնդրանքով, որպեսզի ծանոթանա գործի նյութերին։ Նիստից հետո փաստաբան Վլադիմիր Մինասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, բայց մեղքը չի ընդունում։
«Կալանքի հիմքերը բացարձակ չկա, հիմնավոր կասկածի առումով», - ասաց Մինասյանը:
Փաստաբանը պնդում էր, թե իր պաշտպանյալը ալիբի ունի, որը նախաքննական մարմինը հաշվի չի առել. - «Գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող եմ ասել, որ հիմնավոր կասկածի բացակայությունն առկա է և ներկայացված նյութերը բոլորովին չեն հիմնավորում կասկածը: Նախաքննական մարմինն այս ընթացքում կարող էր ստուգել Արկադիի տված ցուցմունքի ալիբիները և համոզվել, որ Արկադի Բարսեղյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ չունի, սակայն չգիտես ինչի չի արել: Ես հասկանում եմ՝ սեղմ ժամանակում հնարավոր չէր այդ բոլորը, բայց որոշ անհետաձգելի գործողություններ կարող էր անել, որոնք անելուց հետո իր համար պարզ կլիներ, որ Արկադի Բարսեղյանը որևէ առնչություն չունի մեղադրանքի հետ»:
Արկադի Բարսեղյանը մեղադրվում է սպանության և ավազակության համար։
Դատական նիստն այսօր ընթանում էր ոստիկանական հսկողությամբ։ Իրավապահները նաև շարունակում են հսկողություն իրականացնել Պեմզաշենում՝ հնարավոր նոր ողբերգությունները կանխելու համար։