Միլիարդատեր Իլոն Մասկն ասել է, թե վաղ առավոտից մինչև գիշեր շաբաթը յոթ օր գերլարված աշխատում է: Այդ մասին Twitter, Tesla և SpaceX ընկերությունների սեփականատերն ասել է՝ տեսակապով դիմելով Բալիում «Մեծ քսանի» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված բիզնեսի հարցերով քննարկման մասնակիցներին:
«Հաստատ կարող եմ ասել, որ շատ-շատ են հարցերն իմ օրակարգում»,- ասել է միլիարդատեր Մասկը:
Նա կրել է «Մեծ քսանի» կազմակերպիչների ուղարկած շապիկը: Մասկը նշել է, թե որտեղ է գտնվում տեսակապով զրուցելու պահին, սակայն ավելացրել է, որ այդ տեղում հենց այդ ժամանակ հոսանքն անջատվել է, ուստի ինքը ստիպված է մոմեր վառել:
Ինդոնեզիան ցանկանում է մարտկոցներ արտադրելու գործարք կնքել էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերության համար: Բացի այդ, Ինդոնեզիան պատրաստ է կառուցել SpaceX ընկերության հրթիռների արձակման կենտրոն:
Մասկն այդ թեմաներին անուղղակի է անդրադարձել, ասելով, թե Ինդոնեզիան կարող է մեծ դեր կատարել էլեկտրական մեքենաների արտադրության բիզնեսում, և նշելով, որ SpaceX ընկերությունը կցանկանար հրթիռների արձակման կենտրոններ ստեղծել մոլորակի տարբեր հատվածներում:
Twitter-ը գնելուց հետո Մասկը նախաձեռնել է աշխատատեղերի աննախադեպ կրճատումներ ենթադրող կառուցվածքային փոփոխություններ, որոնք մեծ դժգոհություն են առաջացրել ընկերության աշխատակիցների շրջանում: