Իլոն Մասկի սեփականությունը դարձած Twitter ընկերությունում մեկ շաբաթ տևած անորոշությունից հետո այսօր պետք է վճիռ կայացվի մեծ թվով աշխատակիցների պաշտոնանկ անելու, գրասենյակները ժամանակավոր փակելու և ծառայողների մուտքը ժամանակավոր արգելափակելու մասին:
Միկրոբլոգների և սոցիալական ցանցի ծառայություններ ապահովող ընկերության բարձրաստիճան ղեկավարների որոշման մասին ծառայողներին կտեղեկացնեն էլեկտրոնային նամակով: Ենթադրվում է, որ 7.5 հազար ծառայողներից մոտ 3.7 հազարը կազատվեն աշխատանքից:
Մասկը հայտնել է, որ «ընկերությունն ունի առողջացման կարիք»: Նա այդ մասին պնդել է դեռ ընկերությյունը գնելու գործարքից առաջ: Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն ազատվել են աշխատանքից:
«Մենք գիտենք, որ ցավ պատճառող որոշումներ կընդունվեն, դրանցից կտուժեն ընկերության զարգացման համար մեծ ջանքեր գործադրած մարդիկ, բայց այս քայլերն անհրաժեշտ են ընկերությունն առաջ տանելու համար»,- ասվում է նամակում, որը վերջերս ստացել են Twitter-ի մի շարք աշխատակիցներ:
Մասկը պահանջել է մեկ միլիարդ դոլարով կրճատել ընկերության ծախսերը: Նա ընկերությունը գնել է 44 միլիարդ դոլարով: