Դեմոկրատները պահպանել են վերահսկողությունը Միացյալ Նահանգների Սենատում: Նևադա նահանգում նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրություններում սենատոր Քեթրին Կորտես Մաստոյի հաղթանակից հետո նրանք ապահովել են առնվազն 50 տեղ Կոնգրեսի 100-տեղանոց վերին պալատում։
Նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ արդյունքներն իրեն լավատեսություն են ներշնչում պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի համար:
Դեմոկրատները ներկայումս ունեն 50 տեղ 100-տեղանոց Սենատում, ինչը նշանակում է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը անհրաժեշտության դեպքում որոշիչ ձայնը կտա: Հանրապետականներն այժմ 49 մանդատ ունեն։
Միակ նահանգը, որտեղ ընտրության արդյունքները դեռ հայտնի չեն, Ջորջիան է։ Այնտեղ դեկտեմբերի 6-ին կկայանա երկրորդ փուլ։ Եթե դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը հաղթի հանրապետական Հերշել Ուոքերին, դեմոկրատները կունենան 51 ձայն, ինչը նրանց լրացուցիչ առավելություն կտա որոշ օրենքներ ընդունելիս, որոնց համար պահանջվում է պարզ մեծամասնություն, այլ ոչ թե 60 ձայն, որն անհրաժեշտ է օրինագծերի մեծամասնության ընդունման համար։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, ըստ ամենայնի, վերահսկողությունը կանցնի հանրապետականներին, որոնք արդեն ապահովել են պահանջվող 218 մանդատից 212-ը, դեմոկրատներն առայժմ 204 մանդատ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Ներկայացուցիչների տանը մեծամասնություն են ապահովում հանրապետականները, Սենատում վիճակը դեռ անորոշ է