Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավարտվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որի արդյունքներով կորոշվի՝ կարմիր, թե՝ կապույտ գույն, որ քաղաքական ուժն է վերահսկելու Ներկայացուցիչների պալատը և Սենատը Ջո Բայդենի նախագահության հաջորդ երկու տարվա ընթացքում:
Քվեների նախնական հաշվարկի արդյունքները վկայում են, որ 435-տեղանոց Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են ապահովում հանրապետականները՝ այս պահին արդեն ունենալով 199 տեղ: Դեմոկրատները, որոնք անցած երկու տարիներին վերահսկում էին Կոնգրեսի երկու պալատներն էլ, նախնական տվյալներով դեռ 173 մանդատ ունեն:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ հանրապետականներն, ամենայն հավանականությամբ, Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնում կառաջադրեն Քևին ՄըքՔարթիին՝ հանրապետական փոքրամասնության առաջնորդը պալատում։
«Թույլ տվեք ասեմ, որ երբ վաղն արթնանաք, մենք կլինենք Ներկայացուցիչների տան մեծամասնություն, իսկ Նենսի Փելոսին՝ փոքրամասնություն: Ամերիկայի ժողովուրդը պատրաստ է տեսնել մեծամասնություն, որը կառաջարկի նոր ուղի, որն ամերիկացիներին կվերադարձնի ճիշտ ուղու վրա, հանրապետականները պատրաստ են դա անել», - ժամեր առաջ հայտարարում էր ՄըքՔարթին՝ կուսակցության անունից խոստանալով անել ամեն ինչ՝ երկրի տնտեսությունը զարգացնելու և շարքային ընտանիքների կենսամակարդակը բարձրացնելու համար։
Սենատում իրավիճակը դեռևս անորոշ է, սակայն Ջո Բայդենի գլխավորած քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, կկարողանա պահպանել այստեղ մեծամասնությունը․ ըստ Reuters-ի տվյալների, դեմոկրատներն ունեն 48, հանրապետականները՝ 47 տեղ։ Մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 51 մանդատ, ձայների հաշվարկը շարունակվում է:
Բայդենի կուսակիցներին հաջողվել է մի շարք առանցքային նահանգներում հաջողության հասնել, ինչպես օրինակ՝ Փենսիլվանիայում, որտեղ 2.6 տոկոս առավելությամբ դեմոկրատները ստացել են սենատորական աթոռը։ Փենսիլվանիան Ամերիկայի տատանվող նահանգներից է, որտեղ կարող են թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների օգտին քվեարկել։ Այս հանգամանքով պայմանավորված էր պայքարը թեժ դեմոկրատ Ջոն Ֆեթերմանի և թուրքական արմատներով հայտնի բժիշկ և հեռուստաաստղ Մեհմեթ Օզի միջև։ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող հանրապետական Օզի ընտրությանը դեմ էին նաև ամերիկահայերը՝ պնդելով, որ Ռեջեփ Էրդողանի հետ սերտ կապեր ունեցող Օզը, որը նաև Թուրքիայի քաղաքացիություն ունի և ծառայել է թուրքական բանակում, հետևելով պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը, ժխտում է Հայոց ցեղասպանությունը և անելիք չունի այդ ցեղասպանությունը պաշտոնապես ընդունած ամերիկյան օրենսդիր մարմնում: Իր հերթին, դեմոկրատ Ֆեթերմանը փորձում էր ստանալ բանվոր դասակարգի աջակցությունը՝ մեծահարուստ մրցակցին մեղադրելով շարքային ամերիկացիների խնդիրները չհասկանալու համար։
Վճռորոշ են նաև Արիզոնայի քվեարկության արդյունքները, որտեղ հանրապետականների ու դեմոկրատների քաղաքական հեռավորությունը երբեք այսքան մոտ չէր եղել։ Այս նահանգը Ամերիկյան քաղաքական քարտեզի ամենակարևոր կետերից և ընտրապայքարի գլխավոր հարթակներից է, որտեղ նաև ավելի փոքր մասշտաբներով կարելի է տեսնել երկրով մեկ տեղի ունեցող զարգացումները։ Գնաճն Արիզոնայում ամենաբարձրերից է, Մեքսիկային սահմանակից այս տարածաշրջանում սուր է միգրացիայի և անվտանգության խնդիրը, այստեղ նաև ակնհայտ են գլոբալ տաքացման հետևանքները՝ նահանգը տառապում է հրդեհներից, երաշտից։ Արիզոնան ավանդաբար հանրապետական նահանգ էր, բայց երկու տարի առաջ Բայդենին հաջողվել է առավելության հասնել Թրամփի հետ մրցապայքարում:
Ամերիկյան նահանգներում տեղի ունեցած երեկվա քվեարկության արդյունքների՝ այս պահին հայտնի պատկերն արդեն վկայում է, որ Սպիտակ տունը առաջիկա երկու տարիներին կբախվի լրջագույն խնդիրների. հանրապետականները կարող են արգելափակել դեմոկրատների համար առաջնահերթություն համարվող օրենսդրական նախաձեռնությունները, ինչպիսիք են աբորտի իրավունքի ամրագրումը, կլիմայի դեմ պայքարը։ Հանրապետականները նաև դժգոհ են պետական պարտքի ծավալներից և չեն բացառում, որ քննարկումներ կսկսեն, ինչն իր հերթին կարող է ցնցել ֆինանսական շուկաները։
Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնում են հայտնվել առնվազն 133 հանրապետականներ, որոնք բացահայտ կասկածի տակ են դնում 2020 թվականի նախագահական ընտրությունների՝ Ջո Բայդենի հաղթանակն ապահոված արդյունքները։ Սպիտակ տան ղեկավարը ընտրարշավի ընթացքում բազմիցս պնդում էր՝ այդ քաղաքական գործիչները սպառնալիք են երկրի ժողովրդավարության համար:
«Նրանք ժխտում են, որ վերջին ընտրությունները օրինական են եղել, նրանք վստահ չեն, որ կընդունեն ընտրությունների արդյունքները, եթե պարտվեն», - ասել է Բայդենը։
Ամերիկացի ընտրողներից շատերը ինչպես տարբեր սոցհարցումների համաձայն, այնպես էլ լրագրողների հետ զրույցներում հայտարարում են, որ իրենց մտահոգող ամենամեծ խնդիրը գնաճն է, որը գերազանցել է ութ տոկոսը՝ դառնալով ամենաբարձր ցուցանիշը երկրում վերջին 40 տարվա ընթացքում։
«Տնտեսությունը սարսափելի վիճակում է։ Ես դրանում մեղադրում եմ գործող վարչակազմին», - Reuters-ի հետ զրույցում ասում է Ջորջիայի բնակիչ Բեթանի Հադելմանը, որը չի թաքցրել՝ հանրապետականների օգտին է քվեարկել։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից, Սենատի դեպքում՝ հնարավոր է մի քանի շաբաթից՝ որոշ նահանգների տեղական ընտրական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված։
Օրենսդիր մարմնի նոր կազմից բացի երեկ մի շարք նահանգներում նաև նահանգապետեր են ընտրել։ Առավել նշանակալիցը թերևս Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի վերընտրությունն է, որը համարվում է հանրապետականների նախագահի հնարավոր թեկնածուներից։ Նրա վերընտրվելը, սակայն, ոչ բոլոր հանրապետականներին է ուրախացրել։ Տեղեկանալով Դեսանտիսի համոզիչ հաղթանակի մասին՝ Դոնալդ Թրամփը, որն արդեն ակնարկել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին, հնարավոր մրցակցին հրապարակավ հորդորել է հեռու մնալ նախագահական ընտրություններից, նույնիսկ սպառնացել տհաճ մանրամասներ պատմել Դեսանտիսի մասին։
«Ես նրա մասին գիտեմ ավելի քան որևէ մեկը՝ բացառություն է թերևս նրա կինը», - հայտարարել է Թրամփը։