Ռուսաստանի հեռանալը Խերսոնից ցավոտ պարտություն է ոչ միայն ռուսական բանակի, այլև Կրեմլի համար․ քաղաքագետ

Ռուսաստանի հեռանալը Խերսոնից ցավալի պարտություն է ոչ միայն ռուսական բանակի, այլև Կրեմլի, ռուսական իշխանությունների համար, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն։

Ռուսական զորքերը կտարհանվեն Դնեպրի ձախ ափ, իսկ Խերոսնը գտնվում է աջ ափին, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրեր և տարածքներ՝ ասաց քաղաքագետը՝ նշելով՝ ռուսները դրանք պահելու հնարավորություն ներկայումս չունեն, քանի որ հաղորդակցության ուղիներից շատերն ավերվել են ուկրաինական հարվածներից և ռուսները հնարավորություն չունեն իրենց զորքերին ամբողջությամբ մատակարարել զենք-զինամթերք, պարեն ու եկել են այն եզրակացության, որ ավելի լավ է զորքերը տարհանեն ձախ ափ, քան շրջափակման մեջ ընկնեն։

Ռուսական զորքերի հանձնումն, ըստ Ֆեսենկոյի, Պուտինի համար նվաստացուցիչ պարտություն կլիներ։

Չբացառելով, որ Խերսոնից տարհանման գործընթացում ռուսական զորքերը կարող են ականապատել քաղաքը և այն հայտնվի ռուսական հրետանու կրակի տակ, ամեն դեպքում, քաղաքագետը Խերսոնից ռուսների հեռանալը ռուսական կողմի առնվազն ամենամեծ ռազմական պարտությունն է համարում ներկայիս ռուսական պատերազմի ընթացքում։

«Նույնիսկ ոչ այնքան տարածքային առումով, որովհետև Խարկովի մարզում, Կիևի մարզում Ուկրաինայի հյուսիսում ուկրաինական զորքերը շատ ավելի մեծ տարածքներ են ազատագրել, սակայն Խերսոնը դա միակ մարզկենտրոնն է, որը Ռուսաստանը գրավեց փետրվարի 24-ից հետո։ Խերսոն էին այցելել նաև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տեղակալ Կիրիենկոն, «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները։ Այդ կուսակցության ղեկավարները և նրանք բոլորն ասում էին, որ Խերսոնը հավերժ Ռուսաստանի հետ է լինելու ու հիմա Ռուսաստանը հեռանում է այնտեղից, և, իհարկե, սա շատ ցավալի պարտություն է ոչ միայն ռուսական բանակի, այլև Կրեմլի, ռուսական իշխանությունների համար», - ասաց քաղաքագետը։

Խերսոնից հեռանալու որոշման մասին նոյեմբերի 9-ին հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Ուկրաինայում ռուսական ուժերի հրամանատար, գեներալ Սերգեյ Սուրովիկինի զեկույցից հետո։ Հրամանատարն ասել էր, թե ներկա պայմաններում անհնար է ամբողջությամբ մատակարարել քաղաքը, և որ զորքերի դուրսբերումը Դնեպրի ձախ ափը կփրկի զինվորների կյանքը։ Խերսոնը Ուկրաինայի միակ մարզկենտրոն էր, որը ռուսական բանակը կարողացել էր գրավել պատերազմի գրեթե ինը ամիսների ընթացքում Կրեմլը նաև հայտարարել է, որ հանրաքվեով բռնակցված Խերսոնի շրջանը Ռուսաստանի մաս է, իսկ նահանջի մեջ նվաստացուցիչ ոչինչ չկա։

Վլադիմիր Ֆեսենկոյի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․