Անի խոշորացված համայնքն այսօրվանից փաստացի ղեկավար չունի

Անի խոշորացված համայնքն այսօրվանից փաստացի ղեկավար չունի։ Երկու խմբակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հայկական երազանքի» բոյկոտի պատճառով նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր չկայացավ։ Իսկ օրակարգում մեկ հարց էր՝ համայնքապետի ընտրությունը։

Ներկա էին միայն ամենաշատ ձայներ ստացած «Ազգ-համայնք» դաշինքի տասը անդամները։ Այս դաշինքի համայնքապետի թեկնածուն Անին 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանն էր, ում սեպտեմբերին կայացած ընտրություններում ընդամենը մեկ մանդատ չհերիքեց 6-րդ անգամ նույն պաշտոնը ստանձնելու համար։ Նիստը 1 ժամով հետաձգելուց հետո էլ քվորում չապահովվեց։

Եթե առաջիկա երկու շաբաթների ընթացքում նորընտիր ավագանին չկարողանա հավաքվել ու համայնքապետ ընտրել, վարչապետը համայնքապետի պաշտոնակատար կնշանակի և արտահերթ ընտրություններ կնշանակվեն։

49 տոկոսից ավելի քվե ստացած Արտակ Գևորգյանն ասում է, որ երկու քաղաքական ուժերի բոյկոտը մեկ նպատակ ունի. - «Հաղթանակը ոչնչացնելու մեջ է էսօրվա ողջ բոյկոտի տրամաբանությունը»:

Նախորդ տեղական ընտրություններում մի քանի համայնքներում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, հենց այս մեխանիզմն էլ գործեց՝ նիստերը բոյկոտվեցին, համայնքապետի պաշտոնակատար ու նոր ընտրություններ նշանակվեցին։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի 2-րդ համարը՝ Էդգար Սաղաթելյանը չթաքցրեց՝ նիստը բոյկոտել են, որ համայնքապետ չընտրվի։

«Որպեսզի չկայանա ավագանու նիստը, քաղաքական թիմի որոշումով որոշել ենք չներկայանալ: Մեր 8 ավագանիների և քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը», - ասաց Սաղաթելյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն գնում եք արտահերթ ընտրությունների՞, նա պատասխանեց. «Այո»:

«Հայկական երազանք» դաշինքի 3 մանդատը կարող է որոշիչ դեր ունենալ ավագանու նիստերի կայանալ-չկայանալու հարցում։ Դաշինքի ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանն ընտրություններից հետո հայտարարել էր, որ միայն իր օրակարգով է պատրաստ համագործակցության։

«Իմ օրակարգը եղել է, որ անկախ ընտրությունների արդյունքներից, ես ոչ մի ուժի միանալու առաջարկությամբ հանդես չեմ գալու, իսկ ինչ-որ մի ուժ եթե կուզենա իր շուրջ համախմբելու՝ իմ առաջին համար լինելով առաջ գնանք, այդ դեպքում կքննարկենք համայնքի շահերից ելնելով», - ասաց Ագուն Սաղաթելյանը:

Թեև անցած չորս տարիներին Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով Մարալիկում պարբերաբար բողոքի ակցիաներ են եղել, սակայն նա իշխող կուսակցությունից մոտ 700 ձայն ավելի էր ստացել։ Նա նաև համայնքային բյուջեն յուրացնելու երկու քրգործով էր անցնում, դրանցից մեկը կարճվել է, մյուսն էլ հասել է վերաքննիչ ատյան։ Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իշխանությունների կողմից ճնշումներ եղե՞լ են, որ չառաջադրվի:

«Չորս տարի իմ դեմ պայքար է եղել, էլ ի՞նչ պայքարի մասին էր խոսքը, էլ ի՞նչ պայքար դրվեր, եթե չորս տարի ես պայքարի միջով անցել եմ ու պայքարի միջով անցնելով հանդերձ ապացուցել էի, թե՛ իմ ունեցած հնարավորությունները, թե՛ իմ ունեցած մաքրությունը և պետականության ու ժողովրդի մեջ լինելու իմ ունեցած ամրությունը», - ասաց նա:

Գևորգյանն ընդգծում է՝ ղեկավար չունենալու պարագայում 19 համայնք միավորող Անիում աշխատանքները մեծապես կտուժեն, համայնքը հաստատված բյուջե չի ունենա, ծրագրեր չեն իրականացվի. - «Ինչ-որ տեղ կան հարցեր, որոնք օդից կախված վիճակում են, քանի որ օրենքները բավականին թույլ են մեկնաբանված, բավականին թույլ են ներկայացված և օրենքի բացերի պատճառով, այսօր Անի համայնքում կան գործընթացներ, որոնք իրոք տուժվելու են հետագայում»:

Երկուշաբթի ավագանու հաջորդ նիստը կայանալ-չկայանալու հարցը օդից կախված է մնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏԻՄ ընտրություններից հետո Շիրակի մարզի Անի համայնքում որևէ ուժ միայնակ իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ քվեներ չի ստացել