Մատչելիության հղումներ

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել


Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Քննչական կոմիտեի Շիրակի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո կոմիտեի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Մարալիկի համայնքի (2017թ.-ի նոյեմբերից՝ Անի խոշորացված համայնքի) ղեկավար Ա.Գ.-ն, հաստատապես տեղյակ լինելով համայնքապետրանում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից 2012թ.-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, մասին, այդ ընթացքում նրա կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում հաստատել է նշված ամիսների աշխատավարձի վճարման՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը:

Արդյունքում, ըստ դատախազության, նա պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով հափշտակել է այդ օրերի դիմաց տվյալ անձի անվամբ որպես աշխատավարձ հաշվարկված և ելքագրված՝ ընդհանուր զգալի չափերի գումարը:

Բացի այդ, դատախազությունը նշում է, որ հիմնավորվել է նաև, որ Ա. Գ.-ն 2011թ. դեկտեմբերի 11-ին, առանց հարցը Մարալիկ համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու՝ որոշում է կայացրել Մարալիկ քաղաքի Դերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով իր բարեկամուհուն հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ: Այնուհետև, 2012թ.-ի հուլիսի 4-ին, Մարալիկ համայնքի ղեկավարը որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը երբևէ դրանում չբնակված, վարձակալ իր բարեկամուհուն նվիրաբերության եղանակով հատկացնելու մասին, որից հետո բնակարանը նվիրաբերության եղանակով անհատույց օտարվել է վերջինիս: Այդ կերպ էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար 2021թ.-ի փետրվարի 17-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2019-ի սեպտեմբերի 26-ին։

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG