Ադրբեջանի արտգործնախարարությունը Լաչինի միջանցքը փակելու Բաքվի ծրագրերի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնահատել է որպես տարածաշրջանում լարվածությունը միտումնավոր սրելու փորձ և մեղադրել է հայկական կողմին այդ ճանապարհն «անօրինական ռազմական գործունեության համար օգտագործելու» մեջ։
«Հայկական կողմը, խախտելով եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն ստանձնած պարտավորությունները, ձգձգում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման գործընթացը։ Իր հերթին, Ադրբեջանը, կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, հստակ կատարում է իր պարտավորությունները։ Այդ դեպքում Հայաստանի վարչապետի հայտարարությունները, թե Ադրբեջանը մտադիր է փակել Լաչինի ճանապարհը, ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում լարվածությունը սրելու միտումնավոր փորձ», - տարածված մեկնաբանությունում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Նա պնդել է, որ եռակողմ հայտարարությամբ Բաքուն երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով միայն Լաչինի ճանապարհով, և «այդ ճանապարհի օգտագործումը ռազմական նպատակներով անընդունելի է»: «Ինչպես խոստովանում են նաև հայ պաշտոնյաները, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից, և 2021 թվականին Հայաստանում արտադրված ականները նույնպես տեղափոխվում են ադրբեջանական տարածք։ Սա նշանակում է, որ հակառակ եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ հայկական կողմից Լաչինի ճանապարհի չարաշահումները շարունակվում են ապօրինի ռազմական գործողությունների համար»,- ասված է մեկնաբանության մեջ։
Երեկ ելույթ ունենալով Հայաստանի կառավարության նիստում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մտացածին պատրվակով փակել Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղը պահել շրջափակման մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Ալիևի հայտարարությունները տխրահռչակ որակեց ու մեղադրեց պայմանավորվածությունները չպահելու համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպառնալիքներ, պահանջներ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Իլհամ Ալիևի կողմից