Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարությունը կրքեր է բորբոքել Կոռնիձորում

Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարությունը կրքեր է բորբոքել Կոռնիձորում։ «Ես պարզ ասել եմ՝ հացադուլ եմ նստելու՝ գյուղը փրկելու համար», - ասաց Կոռնիձորի բնակիչ Վաղինակ Արզումանյանը:

74-ամյա Արզումանյանն ուզում է, որ նոր ճանապարհը գյուղի անմիջապես կողքով անցնի։ Ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո եկամտի աղբյուրներից զրկված Սյունիքի այս գյուղի համար նոր հեռանկար է բացվելու՝ ճանապարհի հարևանությամբ բիզնեսներ կդնեն ու այգիների բերքը կվաճառեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվի պահանջին զուգահեռ հայկական կողմը շինտեխնիկա է տարել Կոռնիձոր` նոր ճանապարհի համար

«Մեր ամբողջ նպատակը գիտե՞ք ինչ է, որ ճանապարհը ծառայի մեր գյուղացիներին, գյուղի մոտով անցնի, ժողովուրդը օգտվի էս ճանապարհից», - ընդգծեց գյուղի բնակիչը:

Բոլորովին հակառակ կարծիքի է նրա համագյուղացին՝ Հմայակ Հասրաթյանը։ Նա ճանապարհից ստացվող օգուտների փոխարեն սպասվող վտանգներն է հաշվում. - «Եթե առաջին նախագծով գնա, կոնկրետ այս տունը և դիմացի տունը մնում են ճանապարհից 6 մ ցածր, տանիքին հավասար, արդյոք այդքանը խելացի՞ է, որ, Աստված չանի, մեզնից հեռու, մի վթար լինի, ի՞նչ իմանաս տանիքի վրա կընկնի, թե ճանապարհի վրա կընկնի, չէ՞ որ շատ մոտ է՝ ընդամենը 30 մ»:

Ըստ նրա` այդ նախագծով նախատեսված է 6-7 մետր հողի լիցք անել։ Այս դեպքում նախ գյուղի փողոցները վերածվելու են փակուղու, հետո էլ վտանգվելու է մայրուղու հարևանությամբ իրենց տան բակում խաղացող երեխաների կյանքը:

«Բան չունեմ ասելու՝ վաղը չէ մյուս օրը կարող ես շուտ հասնել քաղաք, բայց չէ՞ որ սա միջպետական ճանապարհ է, երեխան հո, շատ ներողություն, կենդանի չի, ոտքից մի պարան կապես, ասես՝ «նայիր, 25 մետր էն կողմ մայրուղի է», - նշեց Հմայակ Հասրաթյանը:

«Ի՞նչն է վնասում, դե գնացեք Տեղ գյուղից մինչև Երևան բոլոր տները քանդեք, սա պետական ճանապարհ է, ուղղակի ծիծաղելի են էդ բաները», - հակադարձում է Վաղինակ Արզումանյանը:

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Արցախը Հայաստանին կապող միակ՝ Կոռնիձորով անցնող ճանապարհն ի սկզբանե Վիտալի Դանիելյանի ընկուզենու այգով պետք է անցներ:

«Եթե պետք է, որ այգին քանդվի, իմ այգին է, թող քանդվի, ես դեմ չեմ, միայն օգտվեն շինարարական համապատասխան նորմաներով», - ասաց Դանիելյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանն ամռանը կավարտի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարությունը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը գյուղում վեճերը մարելու համար հրահանգել է գյուղացիների շրջանում ստորագրահավաք անել՝ պարզելու, թե բնակիչների մեծամասնությունը առաջարկող տարբերակներից որին է կողմ։ Կոռնիձորի 406 բնակիչներից 349-ը կողմ է քվեարկել, որ ճանապարհն անցնի գյուղի մոտով, 56-ը՝ դեմ կամ ձեռնպահ։ Կառավարությունը գյուղացիների մեծամասնության կարծիքին ծանոթացել է և որոշել իրագործել փոքրամասնության ցանկությունը. ճանապարհը պիտի գյուղից դուրս՝ վարելահողերի միջով տանել։

Մայրուղին գյուղից հեռացնելու փոփոխության մտքի հետ կոռնիձորցի Վաղինակ Արզումանյանը չի հաշտվել. դիմել է տարածքային կառավարման նախարարին, վարչապետին։ Դիմումին պատասխանել են՝ ծրագրերը գտնվում են քննարկման փուլում։ Վաղինակ Արզումանյանի խոսքով՝ իր ակտիվությունը անհանգստացրել է տեղի ոստիկաններին:

«Երեկ չէ մյուս օրը, ոստիկանությունից զանգում են, ասում են՝ «ներկայացեք ոստիկանություն, դու, Խաչյան Գրավիկը, մեկ էլ Կարենը», բա՝ «ինչի՞ համար գանք», ասում է՝ «հեռախոսի զրույց չի», - պատմեց նա:

Ըստ գյուղացու՝ ոստիկանությունից խելոք մնալու հրահանգ են ստացել. - «Ասում եմ՝ ի՞նչ ենք անում, որ խելոք պահեք… «Չխոչընդոտե՛ք ճանապարհին»։

Թղթերի մի կապոց էլ Գրավիկ Խաչյանի ձեռքում է՝ դիմումներ, նամակներ և իր համար անհասկանալի պաշտոնական պատասխաններ:

«Էսպես որ գնում է՝ էս դաշտամիջյան ճանապարհ չի, հող չի փչանում, իսկ երբ էն տարածքով է գնում 10 հեկտար ֆոնդի հող է փչանում, դառնում են եռանկյունի ձևով հողակտորներ, որ ասենք, ցորենի համար մշակելու անիմատոր է», - նշեց բնակիչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոռնիձորի գյուղապետը հույս ունի՝ արցախյան նոր ճանապարհը կաշխուժացնի կյանքը գյուղում 

Գրավիկ Խաչյանը զարմանում է՝ ինչո՞ւ է կառավարությունը մի կողմից խրախուսում ցորենի մշակումը, մյուս կողմից էլ՝ ընդունում մի որոշում, որի պատճառով վնասում է վարելահողը. - «Այսինքն՝ Հայաստանի հողերն էդքան շա՞տ են, որ սենց Կոռնիձորում պահուստային 10 հա պահուստային հող փչացնեք, Խնձորեսկում էսքան փչացնեք, որովհետև էսօր կառավարությունը գյուղացուն ասում է՝ «դու ցորեն մշակիր, ես փողը տալիս եմ»:

Վաղինակ Արզումանյանը Կոռնիձորի փրկությունը կապում է Հայաստան-Արցախ մայրուղու հետ։ Միայն նախորդ տարի դպրոցից 39 աշակերտ է գնացել:

«Դե էդ 39 աշակերտը միայն ինքը չի գնացել, իր հետ իր ծնողներն էլ են գնացել», - ընդգծեց Արզումանյանը:

Կոռնիձորցիներն ուզում են, որ Կոռնիձորը մայրուղու գյուղ դառնա՝ իր բոլոր բիզնես հետևանքներով:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 3 տարվա ընթացքում պետք է հաստատվեր Արցախը Հայաստանին կապող միջանցքի նոր երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանն արդեն այս ամռանը հայտարարեց ճանապարհի իր մասի կառուցումն ավարտելու մասին, մինչդեռ հայկական կողմը չէր էլ սկսել Կոռնիձորով անցնող նոր ճանապարհի կառուցումը և նախատեսում է ավարտել միայն հաջորդ գարնանը։ Մինչ այդ գործում է Բերձոր ու Աղավնո բնակավայրերը շրջանցող ժամանակավոր ճանապարհը։