Քրեական հետապնդում է սկսվել Բժշկական համալսարանի նախկին ռեկտորի նկատմամբ

Մոտ 40 միլիոն դրամ արժողությամբ գույք հափշտակելու մեղադրանքով քրեական հետապնդում է սկսվել 2012-2018 թվականներին Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Միքայել Նարիմանյանի նկատմամբ։

Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, նախկին ռեկտորի խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։

«Միքայել Նարիմանյանը հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ դատախազության՝ հանցավոր սխեմային մասնակցել է նաև «Նավասար» ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի այն ժամանակվա տնօրենը, ով ըստ Պետռեգիստրի տվյալների՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրն է ՝ Վաչիկ Սաղաթելյանը։ Նա նաև ընկերության սեփականատերն է։ Ինքը՝ Իշխան Սաղաթելյանը մինչև պատգամավոր դառնալը ղեկավարել է ընկերությունը։

«Միքայել Նարիմանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Մ.Ս.-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Ս.-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավելի վճարվելիք գումարները Վ.Ս.-ին դարձնելու շուրջ», - նշված է հաղորդագրությունում:

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ ողջ օրվա ընթացքում կապ հաստատել չհաջողվեց, մինչ այս պահը նա և նրա ընտանիքը մեղադրանքներին չեն արձագանքել։

Այս քրեական գործի մասին, օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իրավապահների նշած տարիներին եղել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ըստ Աշոտյանի՝ այս գործով ուսումնասիրությունները սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո. նախ, ՊՎԾ -ն է սկսել ուսումնասիրությունները, հետո գործն ուղարկվել է ԱԱԾ, որից հետո վերահասցեագրվել Հակակոռուպցիոն կոմիտեին։

Կրթության նախկին նախարարի խոսքով՝ մի քանի տարի անց Քննչական կոմիտեն գործին կենդանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իր քաղաքական գործունեության պատճառով։

«Ճանապարհ են հարթում ինձ ձերբակալելու համար: Ակնհայտ է, որ այս գործընթացը պատահական չի, 4 տարի ֆռցրել են էդ թղթերը ու էս պահին, երբ Արցախի հանձնման պրոցես է տեղի ունենում ու ես ամենաբովանդակային ու հիմնավորված քննադատներից մեկն եմ, հիմնավորող փաստաթղթերով ու նյութերով», - նշել է Աշոտյանը:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այս գործով դեռևս որևէ կարգավիճակ չունի։

Ինքը՝ Աշոտյանը վստահեցնում է, այս գործարքից համալսարանը միայն շահել է. «Մի բան ուզում եմ վստահեցնեմ, որ որևէ կոպեկ այսպես ասած այդ գործարքներից, Բժշկական համալսարանի գործունեությունից բացի, ինձ հասանելիք պաշտոնական աշխատավարձից, ժամանակին Բիոքիմիայի ամբիոնի դոցենտ էի այս ընթացքում, ինձ հանեցին բարեհաջող 19 թվականին, իմ համաձայնությամբ, ես չեմ ստացել: Եվ այստեղ ավելին ասեմ, գույքը, որ առել է Բժշկական համալսարանը ոչ թե միջոցների վատնում է, մսխում է, եսիմ ինչ է, այլ պարզվում է շուկայական այսօրվա արժեքներով, ինձ ասացին, որ մոտ է կրկնակի ավելի մեծ արժեքին, քան որով որ Բժշկականը ժամանակին իմ՝ որպես Կառավարման խորհրդի նախագահի համաձայնությամբ, քվեարկությամբ դա առել է»:

Դատախազությունից առանց մանրամասներ փոխանցելու հաղորդում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու համար։ Այս գործով դեռևս միակ մեղադրյալը Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, բժիշկ Միքայել Նարիմանյանն է։ Նա և իր փաստաբանները ևս մեղադրանքը որևէ կերպ չեն մեկնաբանել։