Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել Բժշկական համալսարանի մասին պետական վերահսկողական ծառայության զեկույցի հետքերով, այժմ ընթանում է նախաքննություն։
ՊՎԾ-ն համալսարանում իր կատարած ուսումնասիրության մասին հայտնել էր դեռ 1.5 ամիս առաջ, սակայն չէր հրապարակել ողջ ուսումնասիրությունը՝ բավարարվելով մի քանի տեղեկություններով՝ բուհում 2016 թվականին ֆիքսված ռեկտորի՝ 5 միլիոնը գերազանցող, իսկ պրոռեկտորների՝ 3 միլիոնը գերազանցող ամսական աշխատավարձ և կասկածներ՝ բուհի տնօրինած գույքի օգտագործման մասին։ Խոսքը Սևանի ափին գտնվող «Ծովասար» հանգստի գոտում բուհի ունեցած ապարտամենտների մասին է։ ՊՎԾ-ն կարծում է՝ 2015 թվականին Բժշկական համալսարանը շուկայականից բարձր արժեքով և առանց գնման պատշաճ ընթացակարգերի ձեռք է բերել կոնֆերանսների դահլիճ և 6 ապարտամենտ՝ վճարելով գրեթե կես միլիոն դոլար։ Ավելին ՊՎԾ-ն կասկածներ ունի, թե այդ ապարտամենտները բուհը գաղտնի օգտագործել է կոմերցիոն նպատակով։
«2018թ․-ից սենյակներից օգտվում են մեր աշխատակիցները և այս տարի նույնպես սեզոնի բացվելու պես ամբողջովին օգտագործվել է աշխատակիցների կողմից», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում այս առնչությամբ հայտարարեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Հանգստի գոտու կայքից տեղեկանում ենք, որ այնտեղ ցանկացած ամսի հնարավոր է վարձակալել բնակարաններ, միայն թե ներկայացված տեղեկությունից հնարավոր չէ գուշակել՝ այդ սենյակները իրականում ում սեփականությունն են։
2014 թվականին հանգստյան գոտու բացմանը ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ մամուլի այդ օրերի հրապարակումների «Ծովասարի» գլխավոր ներդրողը Իշխան Սաղաթելյանն է, ով այժմ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչն է։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանգստյան գոտին իրականում պատկանում է իր հորը, ոչ թե իրեն։ Սաղաթելյանը հերքում է, թե «Ծովասարը» ի թիվս մյուս սենյակների վարձակալության է տալիս նաև Բժշկականին պատկանող համարները։
«Ես ասում եմ՝ բացառվում ա, նման բան չի եղել։ Ուղեգրերով էդ մարդիկ եկել՝ հանգստացել են։ Հարցի հասցեատերը ես չեմ։ Այդ որ արվում ա՝ արվում ա համապատասխան պայմանագրերի հիման վրա», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սաղաթելյանը։ Մեր ճշտող հարցին՝ Բժշկականի հետ նման պայմանագիր կա՞, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը վստահեցրեց՝ «չկա ու չի էլ էղել։ Իրենք իրենց գույքը տնօրինել են ինչպես որ ցանկացել են»։
2015-ին թվականին, երբ տեղի ունեցել Բժշկականի և «Ծովասարի» միջև մոտ կես միլիոն դոլար արժողության գործարքը, բուհի ռեկտորը Միքայել Նարիմանյանն էր, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ հանրապետական, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Ընդ որում, Իշխան Սաղաթելյանը հերքում է նաև այն տեղեկությունը, թե Բժշկականը սենյակները ձեռք է բերել ոչ թե կառուցապատողից, այսինքն իր ընտանիքից, այլ 3-րդ անձից․ - «Ինքը ուղիղ գնում է արել էդ ընկերությունից, ոնց որ մնացած անհատ քաղաքացիները իրենց կարիքների համար, իրանք էլ բացատրություն տվել են։ Իմ համար կապ չի ունեցել՝ էդ Բժշկական համալսարանն ա եղել, անհատ քաղաքացի, թե մի ուրիշ ընկերություն»։
Բժշկական համալսարանից ավելի վաղը «Ազատությանը» հայտնել էին, որ Սևանի ափին 2015 թվականին ձեռք բերված ապարտամենտներում 2017 թվականից սկսել են հանգստանալ իրենց աշխատակիցները, անցյալ տարի, օրինակ՝ 2018-ին, բուհի 59 աշխատակից անվճար հանգստացել են, թեև բուհին պատկանող 6 ապարտամենտներում մեկ օրում միաժամանակ կարող է հանգստանալ մոտ 30 հոգի։