Միացյալ Նահանգներում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները, որոնց ընթացքում որոշվելու են 100 տեղանոց Սենատի 35 և Ներկայացուցիչների տան բոլոր 435 մանդատների ճակատագրերը։ Երկրի արևելքում գտնվող մի շարք նահանգներում՝ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Մասաչուսեթսում ընտրատեղամասերն արդեն բացել են իրենց դռները։
Թե՛ դեմոկրատները և թե՛ հանրապետականները քարոզարշավի վերջին ժամերն օգտագործում էին ընտրողների հետ շփումների համար՝ փորձելով ամրապնդել դիրքերը այն նահանգներում, որտեղ առավել մեծ են իրենց կուսակցության հաղթանակի շանսերը։ Հանրապետականների փաստացի առաջնորդ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն, օրինակ, Օհայո նահանգում էր և հենց այստեղ էր, որ նա կրկին ակնարկեց, թե կարող է մեկ անգամ ևս մասնակցել նախագահական ընտրություններին։
«Հաջորդ երեքշաբթի, նոյեմբերի 15-ին, ես պատրաստվում եմ հանդես գալ շատ կարևոր մի հայտարարությամբ։ Այս պահին, սակայն, մենք չպետք է շեղվենք միջանկյալ ընտրություններից։ Ամերիկյան պատմության ամենակարևոր միջանկյալ ընտրություններին հաշված ժամեր են մնացել։ Մեզ մեծ առավելությամբ հաղթանակ է հարկավոր, որպեսզի ծայրահեղ ձախերը չկարողանան այն կեղծել կամ գողանալ։ Այս տարի մենք պատրաստվում ենք հետ բերել Ներկայացուցիչների տունն ու Սենատը։ Իսկ 2024-ին կանենք ամենակարևորը՝ հետ բերելով մեր հոյակապ Սպիտակ տունը», - հայտարարում էր Թրամփը։
Քարոզարշավի վերջին օրը նախագահ Ջոզեֆ Բայդենը Մերիլենդում էր։ Այս նահանգը ևս պատահականորեն չէր ընտրված։ Բանն այն է, որ ըստ ամերիկյան մամուլի, Բայդենի վարկանիշը վերջին շաբաթներին զգալիորեն նվազել է և Սպիտակ տանը որոշել էին քարոզարշավն ավարտել այնպիսի մի նահանգում, որտեղ դեմոկրատների հաղթանակը երաշխավորված է՝ զերծ մնալով դեռևս չկողմնորոշված ընտրազանգված ունեցող շրջաններ այցելությունից։
«Այսօր մենք գտնվում ենք բեկումնային մի իրավիճակում, իրավիճակ, որում հայտնվում է ամեն երրորդ կամ չորրորդ սերունդը։ Մենք խորապես վստահ ենք, որ ժողովրդավարությունը վտանգված է և մենք գիտենք, որ այժմ այն պաշտպանելու ձեր հերթն է», - դիմելով Մերիլենդի ընտրողներին՝ հայտարարում էր նախագահ Բայդենը։
Քվեարկության մեկնարկից առաջ արված հարցումներն ու վերլուծությունները, սակայն, վկայում են՝ 2022 թվականի միջանկյալ ընտրությունները կարող են ավարտվել դեմոկրատների ծանր պարտությամբ։ Ամերիկյան ներքաղաքական անցուդարձին ամենաքաջածանոթ պարբերականի՝ Politico-ի կանխատեսմամբ՝ այս պահին Ներկայացուցիչների տանը հանրապետականները կարող են հավակնել 216 տեղի, ինչն ընդամենը երկուսով է պակաս բացարձակ մեծամասնությունից։
Առավել բարդ է իրավիճակը Սենատի ընտրություններում։ Ըստ Politico-ի, այս ընտրություններում վիճարկվող սենատորական 35 տեղերից հանրապետականների հաղթանակը երաշխավորված է կամ գոնե խիստ հավանական է 19-ում`դեմոկրատների 10-ի դիմաց։ Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ՝ Սենատի ճակատագիրը որոշվելու է վեց նահանգներում, որտեղ հանրապետական և դեմոկրատ թեկնածուների վարկանիշը գրեթե հավասար է։
Այդ նահանգներից մեկը Փենսիլվանիան է, որտեղ համառ պայքարի մեջ են մտել դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը և Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Մեհմետ Օզը։ Հաղթանակի դեպքում Օզը կարող է դառնալ առաջին ազգությամբ թուրք սենատորը։ Դեմոկրատները, սակայն, պնդում են, որ Օզը, որն, ի դեպ, հայտնի է նաև թուրքական իշխանությունների հետ իր սերտ կապերով, օգտագործում է հեռուստատեսային կարիերայի ընթացքում վաստակած գումարները սեփական ընտրարշավը ֆինանսավորելու համար։ Նրա մրցակցի նախընտրական հիմնադրամն, օրինակ, հիմնականում ձևավորվել է շարքային ընտրողների փոքր նվիրատվություններով։
«Օզը պարզապես օգտագործվում է Փենսիլվանիան։ Այդ անձնավորությունը սեփական գրպանից 27 միլիոն դոլար է ծախսել՝ փորձելով գնել այս տեղը։ Ես, սակայն, չեմ կարծում, որ այս դահլիճում կգտնվի մեկը, որին թվում է, թե Սենատի մանդատը հնարավոր է գնել», - երկուշաբթի երեկոյան Փիթսբուրգում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարում էր դեմոկրատ թեկնածու Ջոն Ֆեթերմանը։
Փենսիլվանիայից բացի անորոշ վիճակ է նաև Վիսկոնսինում, Ջորջիայում, Նևադայում, Նյու Հեմփշիրում և Արիզոնայում։ Politico հանդեսի կանխատեսմամբ, սակայն, անգամ եթե այս վեց նահանգներից թեկուզ երեքում հանրապետականներին հաջողվի հաղթանակ տոնել, ապա Դոնալդ Թրամփի կուսակիցները մեծամասնություն կունենան նաև Սենատում՝ քվեների 51-49 հարաբերակցությամբ։