Տևական արժեզրկումից հետո դոլարի ու եվրոյի փոխարժեքը մի փոքր բարձրացել է՝ հատելով 400 դրամի շեմը: Երեկ երեկոյան Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ երևանյան բանկերում դոլարը վաճառվել է առավելագույնը 405 դրամով, իսկ եվրոն՝ 410 դրամով:
Վերջին ամիսներին դոլար-դրամ և եվրո-դրամ հարաբերակցությունը փոխվել է հօգուտ դրամի, ինչը տնտեսագետները պայմանավորում են հիմնականում ռուսաստանցիների բերած ֆինանսական հոսքով:
Եթե դոլարի թանկացումը մեծ ու էական չէ, ապա եվրոյի թանկացումը այս տարվա համար կարելի է որակել ուշագրավ, «Ազատության» հետ զրույցում ասում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։
«Որոշակիորեն՝ այո, դա գալիս է միջազգաին շուկայի զարգացումներից, կարծում եմ, այդ առումով է ուշագրավ։ Սա, Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքի փոփոխություն իրականացրեց, այդ համատեքստում կարելի է դիտակել։ Այսինքն՝ միջազգային շուկայի զարգացումների տիրույթում է։ Մեր տնտեսության համար էդպես շատ նշանակալի չի, բայց համաշխարհային ֆինանսական շուկաների տեսակետից նշանակալի փոփոխություն է, որը մեզ վրա որոշակի ադեցություն ունեցել է», - ասաց Կարապետյանը։
Տնտեսագետը պարզաբանում է, որ եվրոյի թանկացումը դրական կազդի Հայաստանի արտահանողների վրա։ Նարեկ Կարապետյանը հիշեցնում է, որ եվրոն սկսել է էժանանալ 2021-ի վերջից՝ ան ժամանակ փոխարժեքը հասնում էր 600 դրամի։
«Իրականում որոշակիորեն կարող ենք ասել, որովհետև եվրոն 2021 թվականի վերջից սկսած, այսինքն՝ ամբողջ տարվա ընթացքում, նվազման միտումներ է ունեցել ու հոկտեմբերին որոշակիորեն սկսել է դիրքերը վերականգնել, դա երևի թե պայմանավորված է նրանով, որ Դաշնային պահուստային համակարգն արդեն որոշակի իր համար սահմաններ է դնում տոկոսադրույքի բարձրացումների, կարծես թե մոտեցել է այն սահմանին, որից հետո արդեն դանդաղ է բարձրացնելու։ Եվրոպայի կենտրոնական բանկը ևս որոշակի քայլեր է ձեռնարկում, այդ համատեքստում, եվրոն սկսել է որոշակիորեն վերականգնվել։ Եվրոյի աճը դա ենթադրում է մեր արտահանողների համար որոշակի իրավիճակի լավացում, բնականաբար», - ասաց Կարապետյանը։
Ըստ էության, այս ցուցանիշները չեն ազդի շուկայում գների իջեցման վրա՝ կարծում են մասնագետները։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը շարունակում է հայտարարել տնտեսական բումի մասին՝ ներկայացնելով իր վիճակագրությունը, ըստ որի, 2022-ի համար ի սկզբանե կանխատեսված 7 տոկոսից երկու անգամ բարձր տնտեսական աճ կա։ Այս թիվը, սակայն, տնտեսագետները դարձյալ պայմանավորում են ռուսաստանցիների աննախադեպ ներհոսքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էսպիսի ցուցանիշները բնականոն գործընթացների արդյունքում երբեք չեն գրանցվում. տնտեսագետ