Լաչինի միջանցքով զինտեխնիկա տեղափոխելու ադրբեջանական տելեգրամյան ալիքների տեղեկությունն Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը տեղեկատվական ահաբեկչություն է որակում, շեշտում, որ ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են տեղափոխել, իսկ ադրբեջանական կողմն այդ առիթից օգտվում ու հերթական անգամ սադրում է տարբեր դրդապատճառներով։
«Նախ և առաջ ահաբեկեն ժողովրդին, որ ասեն՝ տեսեք՝ ցանկացած պահի կարող ենք կտրել միջանցքով ընթացող բոլոր հոսքերը՝ բեռնափոխադրումները, մարդկանց փոխադրումները և այլն, կաթվածահար անել Արցախը», - ասաց նախարարը։
Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքը միջազգային պայմանավորվածության արդյունք է, և Բաքուն նման սադրանքներով փորձում է այն խափանել. «Բնական է, ոչ մի ռազմական բան չի տեղափոխվում, որովհետև կան տեսախցիկներ, ամեն ինչ վերահսկվում է: Այդպես չի էլի, բայց իրենք պարբերաբար այդպիսի բաներ խոսելու են, պրովոկացիաների փորձելու են դիմել: Ադրբեջանն է, ո՞վ չի ճանաչում այդ ոճը»:
Տելեգրամյան ալիքներում տեղեկություն է տարածվում նաև, թե Բաքուն արգելել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի AH-148 բեռնատար ինքնաթիռի թռիչքը Ադրբեջանի օդային տարածքով։ 12 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավն Իրանի տարածքով է Հայաստան թռել։ Ոչ ռուսական կողմը, ոչ Երևանը, ոչ էլ Բաքուն այս խոչընդոտի մասին լուրեն դեռ չեն արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրից հետո Ղարաբաղի հարցով բանակցություն դժվար թե տեղի ունենա. Տիգրան ԳրիգորյանԱրցախում ռուս խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը շաբաթ օրն էր հայտնել, որ խաղաղապահ առաքելության զինծառայողները Չկալովսկի օդանավակայանից «Էրեբունի» օդանավակայան են հասցրել 12 տոննա մարդասիրական բեռ։ Ըստ ռուսական կողմի՝ խաղաղապահներն արդեն առաջին անհրաժեշտության պարագաներ և սննդի փաթեթներ են տրամադրել Մարտունու շրջանի 324 ընտանիքի։
Դեմարշ կամ ճնշում Ռուսաստանի դեմ. քաղաքագետի գնահատականը
Դեմարշ կամ ճնշում Ռուսաստանի դեմ, առաջնորդների Սոչիիի հանդիպումից հետո ադրբեջանական կողմի քայլերին քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի որակումն է։ Ըստ նրա՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների ընդունած եռակողմ հայտարարության բովանդակությունը չի բավարարել Բաքվին, չնայած նրան, որ նույն այդ տեքստում հենց ադրբեջանական կողմի պահանջով չներառվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ ձևակերպում։ Բայց նաև ադրբեջանական կողմի տևական ցանկության՝ Արցախի ապառազմականացման մասին խոսք չկա փաստաթղթում։
«Ռուսական ռազմական օդանավի թռիչքն է արգելվել, և ստիպել են, որպեսզի անցնի, և այդ օդանավը Երևան է եկել Իրանի տարածքով: Այսինքն՝ այդուհանդերձ, այդ օդանավը եկել է Երևան: Այդտեղից ենթադրում ենք, որ խնդիրն Ադրբեջանը բարձրացնում է ընդդեմ Ռուսաստանի, հետևաբար այն քաղաքական սակարկությունը կամ խաղարկումը, որ փորձում են անել, առավելապես, կարծես թե, Ռուսաստանին է ուղղված», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումըՄյուս կողմից էլ, ըստ Բադալյանի, Միրզոյան-Բայրամով-Բլինքեն վաշինգտոնյան հանդիպումից առաջ Բաքուն այդ քայլով փորձում է սիրաշահել Միացյալ Նահանգներին։ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումն ասյօր է. «Ադրբեջանը փորձում է գուցե այս կերպ Սոչիից հետո և նաև Վաշինգտոնից առաջ խաղարկում անել, գուցե նաև փորձելով խաղալ Վաշինգտոնին համահունչ տրամադրության վրա այն նկատառումով, որ Միացյալ Նահանգներին գուցե դուրեկան լինի, եթե կարելի է այս բառն օգտագործել, Ռուսաստանի դեմ Ադրբեջանի այդօրինակ դիրքորոշումը»:
Քաղաքական մեկնաբանը Բաքվի վարքագիծը նաև ռուս-իրանական հարաբերությունների սերտացմամբ է պայմանավորում։ Ըստ Բադալյանի՝ Թեհրանի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները Բաքվի՝ մանևրելու հնարավորությունն են նվազեցնում։