La Repubblica իտալական պարբերականի փոխանցմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ենթադրում են, որ ռուս - ուկրաինական պատերազմում հնարավոր կլինի խաղաղության բանակցություններ սկսել այն դեպքում, եթե ուկրաինական կողմը կարողանա հետ վերցնել Խերսոնը: Ճակատամարտն այդ շրջանի համար ունի ոչ միայն ռազմավարական, այլև դիվանագիտական նշանակություն:
Ըստ իտալական պարբերականի, Վաշինգտոնն այդ հարցում մշտական կապի մեջ է Բրյուսելի [ՆԱՏՕ-ի] և դաշնակիցների հետ ու փորձում է այդ գաղափարը հուշել նաև Կիևին:
La Repubblica-ն նշում է՝ պատահական չէ, որ Միացյալ Նահանգները խոստացել է Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր անօդաչուների դեմ պայքարելու համար:
Խերսոնի վերադարձը թույլ կտա ապահովել ելք դեպի ծով և հսկել ջրային տարածքները, դա կփոխի հակամարտության ընթացքը և Կիևին կընձեռի բանակցություններն ուժի դիրքից վարելու հնարավորություն:
Վաշինգտոնը կցանկանա բանակցային լուծում, քանի որ կա երկու վտանգ: Դրանցից մեկը ռուսների կողմից մարտավարական նշանակության միջուկային զենքի կիրառումն է, որն այս պահին հրատապ չի դիտվում: Մյուսն էլ Ռուսաստանի վրա Չինաստանի ազդեցության ընդարձակումն է:
Ըստ La Repubblica-ի աղբյուրների, ԱՄՆ-ում ցանկալի չեն համարում Ռուսաստանի լիդեր Վլադիմիր Պուտինի լիակատար պարտությունը, քանի որ դա կհանգեցնի Վաշինգտոնի համար ավելի վատ հետևանքների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հնարավոր անցման Չինաստանի լիակատար հսկողության տակ: