Արցախի կառավարությանը շատ ծանր ճանապարհ է սպասվում. Ռուբեն Վարդանյան

Արցախի կառավարությանը շատ ծանր ճանապարհ է սպասվում, այսօր պետնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով, որ իրենք փոփոխություններ կատարելու համար երկուսուկես տարի ժամանակ ունեն։ Հենց այդքան է մնացել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտին։

«Ասեմ ձեզ ազնիվ, որ ես չեմ տեսնում հնարավորություն, որ ինչ-որ հրաշք է լինելու, մեզ շատ ծանր ճանապարհ է սպասում, մենք ունենք 900-ից ոչ ավելի օրեր, որոնք մենք պետք է արդյունավետ օգտագործենք այն փոփոխությունները անելու համար, որ մենք հարցերը լուծենք անվտանգության և զարգացման», - նշեց Վարդանյանը:

Երկու ամիս առաջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարված ու Արցախ տեղափոխված գործարարն իր նախորդի անհամեմատ ավելի լայն լիազորություններ ու գործառույթներ է ստացել։

Արցախի խորհրդարանի իշխանական «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասում է՝ նորանշանակ պետնախարարի լիազորությունները գրեթե հավասարեցվել են նախկին Սահմանադրությամբ գործող վարչապետի գործառույթներին։

«Այդտեղ պատասխանատվությունը՝ կառավարության գործունեության ծրագրի և դրա կատարման և մնացած բոլոր գործառույթների մասով, պետական նախարարն է իրականացնելու իր ենթակայությամբ նշված ոլորտներում», - ասաց Հարությունյանը:

Եթե նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վերահսկում էր կրթության, սոցիալական, առողջապահության ու արդարադատության ոլորտները, ապա Ռուբեն Վարդանյանը կհամակարգի նաև արտաքին գործերի, քաղաքաշինության, ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության ու տարածքային կառավարման ոլորտները: Չի վերահսկի միայն ուժայիններին՝ Պաշտպանության ու Ներքին գործերի նախարարությունները։

«Միասին պետք է հաղթահարենք այս ծանր փուլը, և իմ սպասելիքները, մեր սպասելիքները, բարեբախտաբար, ժողովրդի սպասելիքները շատ մեծ են, պարոն Վարդանյան, Ձեր անձի նկատմամբ», - նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հոկտեմբերի սկզբին Արայիկ Հարությունյանն էր 54-ամյա գործարարին առաջարկել ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը՝ լայն լիազորությունների խոստումով։ Վարդանյանն էլ հայտարարել էր՝ պատրաստ կլինի ընդունել այն, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։ Նա ավելի վաղ պնդել էր՝ դա չէ Արցախ տեղափոխվելու գլխավոր նպատակը։

«Պատրաստ եմ ամեն ինչին, բայց դա ոչ մի կապ չունի, ինչի համար եկել եմ», - նշել է Վարդանյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդանյանը «պատրաստ կլինի ընդունել Արցախի պետնախարարի պաշտոնը, եթե իր մոտեցումները լայն աջակցություն ստանան»Արցախի նախագահը Ռուբեն Վարդանյանին առաջարկում է պետնախարարի պաշտոնըՌուբեն Վարդանյանը որոշել է Արցախ տեղափոխվել և հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից

Թե ինչ փոփոխություններ է ծրագրում իրականացնել Արցախում առաջիկա տարիներին, Ռուբեն Վարդանյանը հրապարակավ դեռ չի հստակեցրել։ Ստեփանակերտից էլ չեն մանրամասնել՝ կոնկրետ ինչ սպասումներ ունեն Վարդանյանից։

Օրերս ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ևս իր գործողությունների ծրագիրը նախընտրեց չներկայացնել։ Նա ընդհանրական ձևակերպումներով հայտնեց, թե որն է լինելու իր խնդիրը պետնախարարի պաշտոնում։

«Ցանկացած ղեկավարի հիմնական խնդիրն է այնպես անել, կապ չունի, թե ինչպես է կոչվում այդ պաշտոնը, որ մարդիկ հավատան ապագային, մարդիկ հավատան իրենց ղեկավարներին և հավատան, որ նրանք միասին կարող են ինչ-որ բան փոփոխել։ Դա հեշտ խնդիր չի։ Այն պահանջում է ինչպես հոգեբանական, այնպես էլ գաղափարական աշխատանք, նաև կոնկրետ քայլեր», - ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Հարցազրույցի ընթացքում Վարդանյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Հայտարարել, որ իր համար անընդունելի է բանակցությունների անցկացումն առանց Արցախի։ Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը մանդատ չունի արցախցիների փոխարեն որոշելու, թե ինչպես պետք է ապրեն նրանք։

«Արցախի, այստեղ ապրող մարդկանց ապագան պետք է որոշվի նրանց մասնակցությամբ։ Եվ այդ առումով ցանկացած բանակցություն, որ այս պահին ընթանում է, չի կարող ընթանալ առանց Արցախի», - ասել է նորանշանակ պետնախարարը։

Արցախի անվտանգության ապահովման գործում 54-ամյա գործարարը կարևորել է նաև ռուս խաղաղապահների ներկայությունը։