Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե քննարկում է երրորդ անգամ նախագահության թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: Այդ մասին Սպիտակ տան նախկին ղեկավարն ասել է Այովայի նահանգում՝ հանրության հետ հանդիպման ընթացքում:
Ըստ վերլուծաբանների՝ նա կարող է 2024-ին առաջադրվել, եթե հանրապետականները հաջողության հասնեն նոյեմբերի 8-ին կայանալիք «միջանկյալ ընտրություններում»:
«Հիմա մեր երկիրը հաջողակ, ապահով և փառավոր դարձնելու համար ես շատ հավանական է, որ նորից կառաջադրվեմ, շատ, շատ, շատ հավանական է»,- մի քանի անգամ կրկնել է նախկին նախագահը:
Նրա նախորդ կարգախոսն էր «Նախևառաջ Ամերիկան», հիմա հանդիպումներ է անցկացնում «Փրկել Ամերիկան» կարգախոսի ներքո: Նախընտրական հանդիպումներում Թրամփի թիմը մարդկանց է ներկայացնում ևս մեկ կարգախոսով պաստառ՝ «Աստված, Զենք և Թրամփ»:
ԱՄՆ-ում օրենքով սահմանված կարգով պարբերաբար տեղի են ունենում Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերի և 50-տեղանոց Սենատի 35 տեղերի ընտրությունները, և քանի որ դա համընկնում է գործող նախագահների պաշտոնավարման ժամկետի կեսին, քաղաքական ավանդույթի համաձայն, դա անվանում են «միջանկյալ ընտրություններ»:
Վերջին վերլուծությունները վկայում են, որ հանրապետականներն, ամենայն հավանականությամբ, կկարողանան մեծամասնություն ապահովել Ներկայացուցիչների տանը և կփորձեն դրան ձգտել նաև Սենատում: Եթե նրանք Կոնգրեսի երկու պալատներում հաղթեն, ապա կստանան դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի օրենսդրական նախաձեռնություններն արգելափակելու հնարավորություն: