Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Ավելի վաղ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ «Ազատությանը» փոխանցել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ և հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումների արդյունքում որոշվել էր սահմանազատման հանձնաժողովների նիստը անցկացնել նախ նոյեմբերին, ապա՝ հոկտեմբերին, և այս հարցում անորոշություն կար: Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր նիստն անցկացնել հոկտեմբերի 31-ին՝ Բրյուսելում։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին էր՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կառուցողական է գնահատում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը