Քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, ըստ Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի, բախումների վտանգը միշտ առկա է։
Գրիգորյան խոսքով՝ կա նաև միջանցքի խնդիրը, որն էս էտապում բավականին կարևոր խնդիր է դարձել, և եթե խոսքն, ինչպես Բաքուն է պնդում, էքստերիտորիալ միջանցքի մասին չէ և այդ հարցում համաձայնություն տեղի ունենա, ապա, ըստ փորձագետի, Հայաստանի տարածքի նկատմամբ մեծ ոտնձգություններ տեղի չեն ունենա։
«էքստերիտորիալ միջանցքի գոյությունն իհարկե խնդիր է և Հայաստանի սուվերենության սահմանափակում է՝ դե ֆակտո սահմանափակում է, և դա կատաստրոֆիկ բան կլինի Հայաստանի համար, հատկապես, եթե դա նշանակի Հայաստանի և Իրանի սահմանի վրա Հայաստանի վերահսկողության վերացում։ Դա շատ մեծ խնդիր է իհարկե», - ասաց փորձագետը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ որ պնդել է, թե Բաքուն ուզում է անխոչընդոտ, առանց մաքսակետերի՝ Լաչինի միջանցքի նման, անցում դեպի Նախիջևան։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, թե Բաքուն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ «Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին», - ասել էր վարչապետը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն էլ, որ Ադրբեջանի բանագնացն է տարածաշրջանի ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովում, արձագանքելով Փաշինյանին՝ պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Բաքուն, արտատարածքայնության հետ կապ չունի: Տրանսպորտային միջանցքը բոլորովին այլ բան է ենթադրում, և որ այդ մասին շատ լավ գիտեն նաև Հայաստանում»:
Վկայակոչելով Մուստաֆաևի հայտարարությունը՝ Գրիգորյանը հույս հայտնեց, որ խոսքն իսկապես տարանցիկ ճանապարհի և ոչ թե արտատարածքային միջանցքի մասին է՝ շեշտելով՝ եթե այդ հարցում համաձայնություն տեղի ունենա, մեծ մտավախություններ ունենալ, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրից ինչ-որ բաներ կպոկեն ապագայում, տեղի չի ունենա։
«Դա իհարկե ենթադրում է, որ շատ մեծ դարակազմիկ աշխարհաքաղաքական փոփոխություններ և անկայություն չի լինի։ Այլ պարագայում ոչ մի բան կանխատեսել հնարավոր չէ, բայց եթե նման մեծ փոփոխություններ տեղի չունենան, ես կարծում եմ, որ այն տարածքով, որով Հայաստանն անկախացել է, դրա նկատմամբ մեծ ոտնձգություններ երևի տեղի չեն ունենա», - եզրափակեց փորձագետը։
Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․