Արցախի նախագահը համոզմունք է հայտնում, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն հայ - ադրբեջանական բանակցություններում այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։
«Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն», - գրում է Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում:
«Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ», - ասված է Արցախի նախագահի գրառման մեջ: - «Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջՀարությունյանը հույս է հայտնում, որ հոկտեմբերի 31-ի եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին. - «Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը»։
Հարությունյանն ընդգծում է՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը կսատարի ցանկացած որոշմանը, որն ընդունելի կլինի Հայաստանի համար»«Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար», - գրում է Արցախի նախագահը:
Այսօր Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների գործողություններն այդ առումով: