Մատչելիության հղումներ

Ադրբեջանը երբեք չի ընդունելու ռուսական առաջարկը. քաղաքագետներն արձագանքում են Պուտինի հայտարարություններին


Ադրբեջանը երբեք չի ընդունելու ռուսական առաջարկը, քաղաքագետներն այսպես են արձագանքում Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարություններին։

Ի՞նչ է ասում Պուտինը, որ կա հայ-ադրբեջանական կարգավորման երկու տարբերակ։ Եթե Հայաստանն ընդունի Վաշինգտոնի տարբերակը, կճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Իսկ եթե ժողովուրդը և իշխանությունը որոշեն, որ Ղարաբաղը ունի առանձնահատկություններ և պետք է պայմանագրում նշել այդ մասին, Մոսկվան դա էլ կընդունի, բայց պայմանավորվելով նաև Ադրբեջանի հետ։ Պուտինը ակնարկում է, բայց չի բացահայտում իրենց առաջարկները։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ ռուսական առաջարկով ԼՂ-ի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները հետաձգվում են, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրում հատուկ կետով նշվում է դրա մասին։ Ասաց՝ Փաշինյանն է դրանք փորձագետների հետ հանդիպմանը հնչեցրել։

Որո՞նք են ամերիկյանի, որո՞նք ռուսականի առավելություններն ու վտանգները։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ օբյեկտիվորեն ռուսականն ամերիկյան առաջարկից ավելի լավն է, բայց կարո՞ղ է Ռուսաստանն Ադրբեջանին համոզել ընդունել դրանք։

«Ադրբեջանը երբեք դա չի ընդունելու, որովհետև հայտարարում է՝ հակամարտությունն ավարտված է և Հայաստանի հետ քննարկելու ոչինչ չունի: Այդ պարագայում եթե ռուսական կողմը չի կարողանում Բաքվին համոզել, որպեսզի սեփական առաջարկն ընդունելի լինի, անհասկանալի է, թե ինչ պրետենզիաներ ունի Երևանի հանդեպ, որովհետև Ադրբեջանը, մեծ հաշվով, պատերազմի սպառնալիքով ստիպում է Հայաստանին, որպեսզի ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի: Եվ գնդակը ռուսական դաշտում է», - նշեց քաղաքագետը:

Իշխանությունները չեն հերքել, որ կան թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան առաջարկներ։

«Արևմտյան առաջարկներով, իրավացի է այդ առումով Ռուսաստանի նախագահը, որ Ղարաբաղի ապագան դիտարկվում է Ադրբեջանի կազմում, բայց այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ, Միացյալ Նահանգները խոսում է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային ձևաչափի ստեղծման մասին, որը նաև ինչ -որ միջազգային կոմպոնենտ կունենա: Այդ առումով Ադրբեջանը ևս հակված չի լինելու ուրիշ ձևաչափի գոյությանը», - ասաց Գրիգորյանը:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունները համարում է հայ հասարակության վրա ներազդելու փորձ, որ իրենք ավելի լավ փաթեթ էին առաջարկում։

«Անգամ եթե ռուսական փաթեթում նման կետ կա, Ադրբեջանը համաձա՞յն է արդյոք այդ կետը վավերացնելու կամ այդ կետը ստորագրելու: Եթե համաձայն չէ, Ռուսաստանն ի վիճակի՞ է Ադրբեջանին բերելու այն դաշտ, որ Ադրբեջանը համաձայնվի: Բոլոր հարցերի պատասխանները մենք արդեն իսկ գիտենք, դրա համար ենք ասում, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները մանիպուլյատիվ են, կիսաճշմարտությունների վրա են հիմնված», - ընդգծեց փորձագետը:

Քոչինյանը մանիպուլյատիվ է համարում թե՛ ներկային, թե՛ անցյալին վերաբերող Պուտինի հայտարարությունները. «Դեռևս Սերժ Սարգսյանն է բացահայտել, որ ինքը պատրաստ է եղել հինգ շրջանները տալ, Ադրբեջանը չի համաձայնել դրա դիմաց որևէ զիջման գնալ, այսինքն, Ռուսաստանի նախագահի մեղադրանքը հայկական կողմին առ այն, թե տարիներ շարունակ չի համաձայնվել փոխզիջումային լուծման, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»:

Երկու առաջարկների առավելություններն ու վտանգները, ըստ Քոչինյանի, որո՞նք են. ոչ արևմտյանը, ոչ էլ ռուսականը, կարծում է, չեն տալիս երաշխիք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. «Իրենց փաթեթը նշանակում է ընդամենը հետևյալը՝ համաձայնեք հիմա միջանցքին՝ անորոշ ապագայի և անորոշ երաշխիքների վրա թողնելով հետագայում կարգավիճակի հարցը»:

«Ազատության» հարցին՝ անորոշ ապագան ընդհանրապես կարգավիճակ չունենալուց լավ չէ՞, փորձագետը պատասխանեց. «Անշուշտ, ավելի լավ է, բայց գուցե և լինի կարգավիճակ հասկացությունը հավասարազոր է կարգավիճակ չի լինելու հասկացությանը: Արևմուտքի և Ռուսաստանի փաթեթների հիմնական տարբերությունը ոչ թե Արցախի կարգավիճակի հարցն է, այլ՝ միջանցքի առկայությունը և չառկայությունը, անգամ եթե բուն փաստաթղթերի մեջ «միջանցք» բառը գրված չէ: Ադրբեջանը կհամաձայնի այն առաջարկին, որն առաջարկողը չի կարողանա իրեն ստիպել Արցախին որևէ կարգավիճակ տրամադրել»:

Հայտարարությունների համար ընտրված ժամկետը փորձագետները պատահական չեն համարում։ Գրիգորյանը կարծում է՝ Մոսկվայում անհանգիստ են՝ խոսք կա մինչև տարեվերջ Արևմուտքի միջնորդությամբ հայ-ադրբեջանական փաստաթղթի ստորագրման ժամկետների մասին, ուզում են կանխել պայմանավորվածությունները։

«Եթե իրադարձությունները այդ տարբերակով են զարգանում, բավականին խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում Հարավային Կովկասում ռուսական ներկայության համար երկարաժամկետ կտրվածքով, վտանգվում է առնվազն խաղաղապահների ներկայությունը Արցախում», - ասաց Գրիգորյանը:

Ինչպես Մոսկվայից, Վաշինգտոնից ևս մի քանի օր առաջ Հայաստանին ընտրության առջև էին կանգնեցրել, որ Երևանն ու Բաքուն պետք է որոշեն՝ օգտակա՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահի նախաձեռնած բանակցությունը խաղաղության ջանքերի համար։ Սոչիի եռակողմ հանդիպումը հաջորդ երկուշաբթի է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG