Արցախի համար ընդունելի են Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ Ռուսաստանի ներկայացրած առաջարկները։
Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ ռուսական առաջարկները արձանագրում են, որ կա հակամարտություն, որը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, մինչդեռ արևմտյան փաստաթուղթը զրկում է իրենց ինքնորոշման միջազգային իրավունքից , և արցախցիներին ներկայացնում որպես էթնիկ փոքրամասնություն։
«Էդպես էլ կա, այսինքն գոյություն ունեցող առաջարկությունների մեջ մեր համար ընդունելի տարբերակը Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված առաջարկություններն են, որով բանակցային գործընթացը ֆիքսում է, որ կա հակամարտություն, պետք է բանակցային գործընթաց տեղի ունենա: Այսինքն՝ խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացով հարցի վերջնական կարգավորում ունենա», - նշեց Հարությունյանը:
«Ազատության» հարցին՝ մերժո՞ւմ են մամուլում շրջանառվող փաստաթուղթը, որը ներկայացնում են որպես արևմտյան առաջարկներ, պատգամավորը պատասխանեց. - «Այո, այնտեղ նշված է, որ ներկայացուցիչներ են նշանակվում որպես էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ՝ ի սկզբանե նախապայմանով, որ քննարկվում է իրավունքների ու անվտանգության հարցերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այստեղ նաև իրավական լուրջ խնդիր կա, երկու պետության մեջ կնքվում է խաղաղության պայմանագիր, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ոտնահարվում է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև Սոչիի հանդիպման նախօրեին ԱԺ արտահերթ նիստ ու հանրահավաք ԱրցախումԱրցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերն այս կիրակի նախատեսում են արտահերթ նիստ և հանրահավաք հրավիրել, որտեղ Արցախը, ըստ իշխող խմբակցության ղեկավարի, միջազգային բոլոր դերակատարներին, այդ թվում Հայաստանին կներկայացնի իր հստակ դիրքորոշումը, մասնավորապես՝ որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ հանրահավաքին մասնակցելու է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցիները ուղիղ կապով էկրաններից հետևելու են նիստին։ Պատգամավորները հայտարարություն են ընդունելու, որով պահանջելու են Հայաստանի իշխանություններից Արցախի հարցը չփակել և չբռնակցել Արցախն Ադրբեջանին։
«Այն իշխանությունները, որոնք փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին, հստակ Արցախն իր ձայնը կհնչեցնի, իր դիրքորոշումը կհայտնի, և այդ դիրքորոշումը պարտավոր են այսօրվա հայաստանյան իշխանությունները առանց երկմտելու շարժվել այդ դիրքորոշմամբ, որ Արցախի հարցը մեկընդմիշտ չփակեն՝ գնալով հավաքական Արևմուտքի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուն», - նշեց Գալստյանը:
Արցախցի ընդդիմադիր պատգամավորը նույնպես պնդում է, որ կա արևմտյան առաջարկների վրա հիմնված մի փաստաթուղթ, որտեղ արցախահայությունը ներկայացվում է որպես փոքրամասնություն Ադրբեջանի կազմում։
Հարցին, թե արդյոք հավատո՞ւմ են, որ շրջանառվող փաստաղթուղթն իրական է, Դավիթ Գալստյանն պատասխանեց, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չի հերքել, որ նման փաստաթղթում նման կետ կա։ Գալստյանի պնդմամբ՝ կա նաև ռուսական կողմի առաջարկների վրա հիմնված տարբերակ, որով Արցախի հարցի լուծումը թողնված է ապագային։ Թե որտեղից իրենց այդ տեղեկությունը, Դավիթ Գալստյանը նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, վերջինս էլ իրենց է փոխանցել։ Նույնը նաև իրենց հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Նույն Արայիկ Հարությունյանի խոսքում, որը Նիկոլ Փաշինյանից է ստացել և ունի ռուսական կողմի այն տարբերակը խաղաղության փաստաթղթի, որտեղ 15-րդ կետում հստակ նշվում է, որ Արցախի հարցը թողնվում է հետագա ժամանակներում: Այսինքն՝ նշվում է, որ կա խնդիր Արցախի հարցի մասով և սառեցվում է որոշակի ժամանակաշրջանով: Իսկ մյուս փաստաթուղթը, որը տեսել ենք, մեկընդմիշտ փակում է Արցախի հարցը, և Արցախում բնակվող մեր հայրենակիցների դիտում են որպես Ադրբեջանում բնակվող փոքրամասնություն», - նշեց նա:
Հայաստանի իշխանութունները չեն հերքել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ կան տարբեր առաջարկներ, սակայն ինչպես երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ սեղանին չկա որևէ փաստաթուղթ, որին պաշտոնական Երևանը հավանություն է տվել։
Իշխանությունները վերջին շրջանում նաև հստակ հայտարարում են ՝ խաղաղության պայմանագրում Արցախի մասին հիշատակում չի լինելու։