Մատչելիության հղումներ

Թուրքիան չի հրաժարվի Ադրբեջանի հետ ներդաշնակ քաղաքականությունից. Արա Գոչունյան


Թուրքիան չի հրաժարվի Ադրբեջանի հետ ներդաշնակ քաղաքականությունից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք տեսնո՞ւմ ենք վերջապես հնարավորություն հաստատել հարաբերություններ Երևանի և Անկարայի միջև:

Արա Գոչունյան. - Հարաբերությունները բնականոնացնելու հնարավորությունը, բնականաբար, այս անգամ էլ կա և այս անգամվա առանձնահատկությունն այն է, որ մինչև հիմա փորձված բնականոնացման գործընթացներից էապես տարբերվող միջավայր կա՝ պայմանավորված 44-օրյա պատերազմի հետևանքների և հաջորդած Հարավային Կովկասի իրադրության հետ: Նոր միջավայր է, նոր ուժային հարաբերակցություններ են, նոր իրերի դրվածքը տարածաշրջանում բերել հանգեցրել են նրան, որ Անկարան և Երևանը որոշել են մեկ անգամ ևս փորձեն, տեսնեն, քննեն այդ երկխոսության միջոցով հնարավոր է այս անգամ տեղ հասնել, թե՝ ոչ: Տեսնենք, թե ինչ կստացվի:

«Ազատություն». - Հիշատակեցիք պատերազմը, մինչև դա Թուրքիան ասում էր՝ «վերադարձրեք Ադրբեջանի շրջանները, ես խնդիր չունեմ, սահմանը կբացեմ», դա տեղի ունեցավ պատերազմի ելքով, սակայն հարաբերությունները շարունակում են ևս երկու տարի մնալ չկարգավորված:

Գոչունյան. - Ճիշտ է, որ Ադրբեջանն իր նպատակներին լի ու լի հասավ, թեկուզ մի բան էլ ավելի, որովհետև բուն Արցախն էլ արդեն՝ առյուծի բաժինն, այսպես կոչված, Ադրբեջանի վերահսկողության վերահսկողության տակ անցավ, բայց պատճառ դարձավ, որ արդեն Ադրբեջանն արդեն շատ ավելի մաքսիմալիստ քաղաքականության հետևի Հայաստանի հետ հարաբերությունների կտրվածքով: Եվ առանցքայինն այն է, որ Անկարան իր քաղաքականությունն ուզում է ներդաշնականեցնել, ուզում է համահունչ դարձնել Բաքվի քաղաքականությունը: Նկատի ունենալով, որ հիմա հետպատերազմյան իրավիճակի մեջ Ադրբեջանը հնարավորության է տիրացել Հայաստանից լրացուցիչ պահանջներ ունենալու, այդ իրավիճակում նորից Թուրքիան նախընտրում է տեսնել Ադրբեջանի բանը: Եվ Պրահայի վերջին հանդիպումից հետո էլ շատ պարզ երևաց, որ Հանրապետության նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանի հետ տեսակցելուց հետո հայտարարեց, որ հենց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հաջորդ օրն արդեն Թուրքիան կբացի սահմանը:

«Ազատություն». - Հտևաբար՝ քանի այս նախապայմանը չի կատարվել, նաև բուն Ղարաբաղի հարցը չի լուծվել, հարաբերությունների կարգավորում վաղ է ակնկալել:

Գոչունյան. - Չասենք՝ վաղ է, ուշ է և այլն, բայց Անկարայի քաղաքականության առանցքը մնում է նույնը՝ Բաքվի հետ ունենալ ներդաշնակություն, համակարգել քայլերը և այլ: Ու այդ իրավիճակի մեջ ասում են՝ որ այս պահին Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, թե ինչ են այդ խաղաղության պայմանագրի նախադրյալները..... Հիմա մենք հայկական կողմից ունենք բարձրաձայնած տեսակետ, որ ղարաբաղյան հարցը դեռևս լուծված չէ, ադրբեջանական կողմից ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծված, վերջացած է, միջազգային զանազան դերակատարների ազդեցություն կա: Բաքվից միշտ ասում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացումը, որպես այդպիսին չպետք է ակնկալել և այլն, բայց առանց ծավալվելու՝ մենք պետք է մի բան հաշվի առնենք, որ Հարավային Կովկասում արդեն առաջատար դերակատարները դարձել են Ռուսաստանը և Թուրքիան, ընդ որում, թուրք-ադրբեջանական տանդեմի դիմաց Ռուսաստանն էլ տարածաշրջանում իր դիրքերն ամուր պահելու բավականին դժվարություններ ունի Ուկրաինայում պատերազմի հետևանքով:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG