Ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից կարմիր գիծ է, պահանջ, անհրաժեշտություն, Սոչիի հանդիպմանն ընդառաջ, չօգտագործելով նախապայման բառն, այսօր հայտարարում էին իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։
2021-ից մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել է 127 քառակուսի կիլոմետր։ Թիվը հայտնի դարձավ լրիվ պատահաբար ու բոլորովին վերջերս, երբ իշխանական պատգամավորներից մեկը այն հրապարակեց ՀԱՊԿ-ի խորհրդակցություններից մեկի ընթացքում։
«Որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու, և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից», - ասաց Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունից հետո խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսեց այն մասին, թե բանակցություններից առաջ ինչքան վտանգավոր է նախապայմաններ դնելը։
«Որևէ մի բանակցություններում, մանավանդ այս իրավիճակում, երբ գերլարված վիճակ է, ցանկացած նախապայման կարող ենք մենք ուղիղ համարել, որ գործընթացների սառեցում և կանգնեցում է նաև նշանակելու, ինչը խիստ վտանգավոր է առհասարակ ոչ միայն հայ-ադրբեջանական այս լարվածության կոնտեքստում, այլ տարածաշրջանի համար», - նշեց Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ թե 51, այլ 127 քառ. կմ տարածք է գրավելՀայաստանը հետքայլ անելու հնարավորություն այլևս չունի. ԱԺ նախագահը՝ Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասինՀայաստանի վարչապետը հաստատել է Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Սոչիում հաջորդ շաբաթվա սկզբին սպասվող եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը։
Փաշինյան-Ալիև-Պուտին նախորդ բանակցությունները մոտ մեկ տարի առաջ էին։
ՔՊ-ից Սարգիս Խանդանյանն ասում էր՝ պարզաբանումների կարիք կա. «Հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել՝ իրադարձությունները, մասնավորապես նաև ադրբեջանական վերջին ագրեսիան դրա հետևանքների շուրջ խոսակցությունը»։
Եթե Հայաստանի ինքնիշխան տարածքի գրավման հարցը իշխանությունը չի դարձնում բանակցային նախապայման, նշանակում է շարունակում է զիջողական դիրքերից հանդես գալ, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նախորդ բոլոր հանդիպումներում այդ նախապայմանը չի գործել, թշնամին գրավել է Հայաստանի մայրաքաղաքի կեսից ավելի տարածք, այստեղ ծափ տալով խոսում են սահմանազատման մասին», - ասաց Մանուկյանը։
Իշխանություններն այսօր ևս մեկ անգամ կրկնեցին՝ շահագրգռված են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ ստորագրվի։ Չնայած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր՝ մինչև տարվա վերջ նաև դելիմիտացիա իրականացնելու պայմանավորվածություն կա, ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ պարտադիր չէ, որ դա առաջիկա երկու ամսում տեղի ունենա։ Պնդում էր՝ այս կարճ ժամանակում, բնականաբար, հնարավոր չէ իրականացնել դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը։
«Ժամանակային սահմանափակումներ եթե դնենք, պրոցեսը ոչ մի տեղ մեզ չի հասցնելու: Գլխավորը, որ մենք գիտակցենք, որ ունենանք սեղանի վրա այնպիսի մի փաստաթուղթ, միջազգայնորեն ճանաչված սահմանների առումով, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրները այդ փաստաթղթի շրջանակներում աշխատենք», - նշեց Քոչարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են 2 ամսից խաղաղության պայմանագիր կնքելԱդրբեջանը դելիմիտացիայի հանձնաժողովի քարտուղարություն է ստեղծելԱդրբեջանն իր համար դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է ուժի կիրառման միջոցով, այսօր կարծիք հայտնեց ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը։ Իսկ եթե դեմարկացիայի գործընթացը մեկնարկի, Ադրբեջանը դա տորպեդահարելու է, որ իր դեմ չաշխատի։ Ուստի զորքերն այս պահին գրավված տարածքներից, Տիգրան Աբրահամյանի կանխատեսմամբ, մոտ ապագայում դուրս չի բերի:
«Ադրբեջանն իրականում այլևս դելիմիտացիա-դեմարկացիայի գնալու նպատակ չունի, որովհետև Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանի Հանրապետության այնպիսի հատվածներ և դիրքավորվել է այնպիսի ուղղություններով, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է: Նաև այս թեման է այդ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շրջանակներում, որոնք մտահոգիչ են ու անընդհատ Հայաստանի նկատմամբ նոր հարձակման վտանգավորություն են ստեղծում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Փաշինյան-Ալիև-Պուտին վերջին հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ասել էր, թե կա պայմանավորվածություն հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ու կայունության մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Չնայած հայտարարությունը հաջորդում էր Իշխանասարի արյունալի մարտերին, բայց պայմանավորվածությունը կյանքի չկոչվեց, արդեն այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցավ նաև 200-ից ավելի զոհի պատճառ դարձած հերթական սրացումը։