Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որով կոչ է արել միջազգային համայնքին, «ճնշում գործադրել Հայաստանի վրա և պահանջել, որ Հայաստանը կատարի [2020 թվականի նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարության դրույթները»:
Բաքուն պահանջում է, որ Հայաստանը «դադարեցնի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները, հեռացնի ապօրինի զորամիավորումներն Ադրբեջանի տարածքից, դադարեցնի Ադրբեջանում ականների անխտիր տեղադրումը և Ադրբեջանին փոխանցի ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզները»:
Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ «Հայաստանի կողմից նման քայլը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ անցած երեք տասնամյակում ականների պայթյուններից Ադրբեջանում զոհվել է 3 հազար 345 մարդ, այդ թվում՝ 38 կին և 357 երեխա:
Ըստ Բաքվի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից (2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) հետո ականներից տուժել է 266 մարդ, նրանցից 45-ը, այդ թվում՝ երեք լրագրողներ, զոհվել են: 45 զոհվածներից 35-ը խաղաղ բնակիչներ են:
Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ի միջազգային դատարանին այն մասին, որ «Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում, ինչը ժամանակավոր միջոցների կիրառման մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման խախտում է»:
Բաքուն պնդում է, որ «ադրբեջանական տարածքների գրավման ժամանակաշրջանում Հայաստանը մոտ միլիոն ականներ է տեղադրել Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»:
Ըստ Բաքվի՝ այդ տարածքների ականազերծման համար կպահանջվի մոտ 30 տարի և 25 միլիարդ դոլար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ականներ տեղադրվել են առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, ոչ թե բնակավայրերում. Մարուքյանն՝ Ալիևին