Ադրբեջանին անհրաժեշտ է 30 տարի և 25 միլիարդ դոլար «ականազերծման հետ կապված հարցերի լուծման համար», այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ նման հաշվարկ են արել «միջազգային մասնագետները»։
Ալիևը պնդել է, որ «Հայաստանը օկուպացիայի ընթացքում ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել Ադրբեջանի տարածքում»:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականների պայթյունից զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի»,- ելույթ ունենալով Աստանայում մեկնարկած Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովին՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Պաշտոնական Բաքվի հերթական մեղադրանքներին հակադարձել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ «իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում»։
Մարուքյանի կարծիքով՝ նման պնդումներով Ադրբեջանի առաջնորդը «միջազգային հանրությանն է բացատրում, թե ինչու չի բնակեցնում այդ բնակավայրերը»:
«Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում», - Ֆեյսբուքում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։