Ստոլտենբերգ. «Հնարավոր չէ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ոչինչ չի անի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան ճնշման տակ հայտնվեն»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսել, արխիվ

ՆԱՏՕ-ն անվերապահորեն գործողությունների կանցնի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան՝ նախքան Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դառնալը, հարձակման ենթարկվեն Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից:

Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է կառույցի կենտրոնակայան Բրյուսելում, որտեղ մասնակցել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ համատեղ ասուլիսին:

«Շվեդիան հիմա ինտեգրվում է ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական կառույցներ, և պարզապես հնարավոր չէ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ոչինչ չի անի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան այս կամ այն եղանակով ճնշման ենթարկվեն»,- ասել է Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում և կառույցին միացող Շվեդիայում համաձայն են, որ այսօր կարևոր է միասնությունը, քանի որ Վլադիմիր Պուտինը ձախողվում է Ուկրաինայում, բայց չի հրաժարվում իր վայրագ պատերազմից, և դրա հետևանքով աշխարհին սպառնում է այնպիսի վտանգ, ինչպիսին մի քանի սերունդ չի տեսել:

Ստոլտենբերգն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական պատերազմում կշարունակի անվերապահորեն աջակցել Կիևին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան ու Շվեդիան ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները