Ամիսներ տևած բանակցություններից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան այսօր վերջապես ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները:
Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկու երկրների արտգործնախարարների և դաշինքի անդամ 30 երկրների դեսպանների մասնակցությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունեց ու շնորհավորեց սկանդինավյան երկու երկրի նորամուտը. - «Սա լավ օր է Ֆինլանդիայի, Շվեդիայի ու ՆԱՏՕ-ի համար: Սեղանի շուրջ հավաքված 32 երկրների հետ միասին մենք ավելի ուժեղ կլինենք, իսկ մեր քաղաքացիները՝ ավելի անվտանգ, քանի որ մենք բախվել ենք վերջին տասնամյակում անվտանգային ամենամեծ ճգնաժամի հետ»:
Ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան էր մի շարք պահանջներ ներկայացրել երկու երկրներին։ Երբ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարեցին, որ կբավարարեն Թուրքիայի պահանջները, մասնավորապես, սերտորեն կհամագործակցեն հակաահաբեկչական պայքարում, կհանեն դեպի Թուրքիա զենքի արտահանման արգելքն ու կարտահանձնեն Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող ավելի քան 30 մարդու, Ստոկհոլմն ու Հելսինկին ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հրավեր ստացան։
«Ես երախտագիտություն եմ հայտնում բոլոր դաշնակիցներին այսքան արագ Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հայտն ընդունելու համար: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիային, Ֆինլանդիային ու Շվեդիային կառուցողական մոտեցման համար: Մադրիդում նրանց միջև ստորագրված եռակողմ հուշագիրը իրականություն դարձրեց այս օրը: Կողմերը լուրջ աշխատանք են տանում այդ պայմանավորվածությունների իրագործման համար, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում», - ասաց Ստոլտենբերգը:
Այդուհանդերձ, նախօրեին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ստոկհոլմի ու Հելսինկիի համար ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհը դեռ չի ավարտվել: Մևլյութ Չավուշօղլուի խոսքով, թուրքական մեջլիսում նրանց անդամակցությունը կվավերացվի միայն Անկարայի պահանջների լիարժեք կատարման դեպքում:
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն այսօր հայտնել է՝ Հելսինկին պատրաստ է համագործակցել և առաջ գնալ, որպեսզի փարատվեն Թուրքիայի անվտանգային մտահոգությունները. - «Այդ հուշագրում մենք փաստացիորեն քննարկել ենք բոլոր այն խնդիրները, որոնց մասին Թուրքիան բարձրաձայնել էր, այդ թվում՝ ահաբեկչության, Քուրդիստանի բանվորական կուսակցության և այլ հարցերի հետ կապված, և նշված են ձեռնարկվելիք քայլերը դրանց լուծման համար: Եվ ես համոզված եմ, որ մեր համագործակցության հիման վրա մենք կարող ենք առաջ շարժվել և հուսով եմ, որ կբավարարվեն Թուրքիայի պահանջները»:
Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ևս խոստացել է, որ Ստոկհոլմը կկատարի դաշնակցային իր պարտավորությունները: Նա նաև ասել, է որ եռակողմ աշխատանքային մեխանիզմ են ունենալու՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի խորհրդարանը ևս կվավերացնի անդամակցության համաձայնագրերը. - «Որպես դաշինքի ապագա անդամ, Շվեդիան կնպաստի բոլոր դաշնակիցների անվտանգությանը: Մենք համոզված ենք, որ մեր անդամակցությունը կամրապնդի ՆԱՏՕ-ն և կայունություն կբերի եվրոատլանտյան տարածաշրջան»:
Ռուսաստանի սկանդինավյան հարևանները Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնեցին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։
Այժմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն նրանց անդամակությունը։ Այս գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել։ Եվ միայն դրանից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն, և նրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։