Մատչելիության հղումներ

Բայդենն այսօր կստորագրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր կստորագրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները։ Այս մասին ասված է երեկ Սպիտակ տան կողմից տարածված պետության ղեկավարի աշխատանքային օրակարգում։

«Կեսօրից հետո նախագահը ելույթ կունենա և կստորագրի Ֆինլանդիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու արձանագրությունների վավերացման փաստաթղթերը»,- ասված է ժամանակացույցում։

Արարողությանը կմասնակցի նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Անցած շաբաթ ԱՄՆ Սենատը վավերացրեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Ամիսներ տևած բանակցություններից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան հուլիսի 5-ին վերջապես ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները: Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկու երկրների արտգործնախարարների և դաշինքի անդամ 30 երկրների դեսպանների մասնակցությամբ։ Այժմ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն նրանց անդամակությունը։ Այս գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել։ Եվ միայն դրանից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն, և նրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։

Ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել երկու երկրներին՝ շեշտելով՝ թուրքական մեջլիսում նրանց անդամակցությունը կվավերացվի միայն Անկարայի պահանջների լիարժեք կատարման դեպքում:

XS
SM
MD
LG