Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա այսօր կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Այցի ընթացքում Աբդոլլահիան հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Վաղը Միրզոյանն ու Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Իրանի կառավարությունը անցած տարվերջին էր որոշել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին: Այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Սեպտեմբերի վերջին Վարամինն անցավ իր պարտականությունների կատարմանը։
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են1992-ի փետրվարի 9-ին: 1992-ի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը, իսկ դեկտեմբերին Թեհրանում՝ Հայաստանի դեսպանությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է՝ Թեհրանը կընդդիմանա Իրան-Հայաստան սահմանի հնարավոր փակմանը