Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են 2 ամսից խաղաղության պայմանագիր կնքել։
Մինչ այս պահը ի՞նչ է հայտնի կնքվելիք պայմանագրի սկզբունքների մասին և որքանո՞վ են կողմերի հրապարակային մոտեցումները համընկնում։
Նախ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցավոք, դրական արձագանք չկա. Փաշինյանը` Ալիևին ուղղված հարցի մասինԱյդ մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց նաև ՄԱԿ-ի բարձր ամբիոնից. - «Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը»։
Արդեն այս ամսվա սկզբին Պրահայում ժամեր տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, թե Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմք ընդունելով1991 թվականին Ալմա Աթայում ընդունված ԱՊՀ հռչակագիրը։ Այնուամենայնիվ, Բաքուն պաշտոնապես չի հայտարարել՝ արդյո՞ք ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքը և արդյո՞ք այս պայմանավորվածությանը կհետևի ադրբեջանական զինուժի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից։
Հայաստանը նաև պնդում է, որ խաղաղության պայմանագիրը և դելիմիտիացան փոխկախակցված են և պետք է միաժամանակ արվեն, սակայն առ այսօր պարզ չէ, թե ինչ քարտեզներով է իրականացվելու դելիմիտացիան։ Երևանի ու Բաքվի մոտեցումները այս հարցում ևս տարբեր են։
Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտում է՝ ըստ էության Հայաստանի և Ադբեջանի սահմանը արդեն իսկ դելիմտիացվել է 1929 թվականին, և մնում է, որ կողմերը փոխահամաձայնության գան այդ իրողության շուրջ. - «Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին։ Այստեղ մնում է, որ մենք փոխադարձ համաձայնության գանք՝ ընդունենք այդ սահմանը, ապահովագրենք Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը և առաջ շարժվենք»։
Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին, Ադրբեջանի նախագահն ասել էր, թե սահմանները որոշելու ժամանակ պետք է օգտագործել տարբեր քարտեզներ. - «Տարբեր քարտեզներ կան, կա 1918 թվականի քարտեզ, երբ Երևանը Ադրբեջանի մաս է, կա 1920 թվականի նոյեմբերի քարտեզը, երբ Զանգեզուրը Ադրբեջանի մաս է ... Այսպիսով մեր դիրքորոշումն այն է, որ պետք է օգտագործել բոլոր այն քատեզները որոնք սկսում են 1918 թվականից և նույնիսկ ավելի վաղ շրջանից»։
«Միջանցքի» հարցում Երևանի և Բաքվի մոտեցումները նույնպես իրարարմերժ են
Պաշտոնական Երևանը պարբերաբար պնդում է՝ Ադրբեջանի կողմից անդադար բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ։
«Որևէ հարց մենք չեն քննարկելու, որ ունի միջանցքային տրամաբանություն։ Եվ մենք շարունակում ենք պնդել, և ամբողջ օրակարգը դրա շուրջ է, որ ապաշրջափակում պետք է տեղի ունենա սուվերենության սկզբունքի հիման վրա և փոխադարձության։ Այսինքն՝ ինչպիսի ապաշրջափակում տեղի ունենա Ադրբեջանում, նույն տրամաբանությամբ ապաշրջափակում տեղի կունենա Հայաստանում»։
Ադրբեջանը մինչդեռ շարունակում է պնդել, թե հասնելու է իր նպատակին և Զանգեզուրով միջանցք ստանալու է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կաՊրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո Ալիևը «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չէր օգտագործել, բայց ասել էր, թե Հայաստանը չի ուզում ինքնակամ դեպի Նախիջևան ավտոճանապարհ տալ. - «Ցավոք, այսօր էլ, երբ ես դիմեցի Հայաստանի վարչապետին, թե ի վերջո տվեք մեզ ավտոմոբիլային ճանապարհի երթուղին, պատասխան չստացա։ Սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, քանի որ բոլորը գիտեն որտեղով պետք է անցնի երկաթուղին ու ավտոճանապարհը։ Անհասկանալի է, թե ինչու ինքնակամ չեն համաձայնում մեզ անցում տրամադրել դեպի Նախիջևան: Սա, իհարկե, ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, սակայն մենք համբերում ենք, զսպվածություն ենք ցուցաբերում։ Ես վստահ եմ, որ դրան էլ կհասնենք, որքան շուտ, այնքան լավ» :
Հաղորդակցությունները ապաշրջափակելու շուրջ պաշտոնական Երևան ու Բաքուն այսօր ևս հայտարարություններ են արել՝ կրկին ի ցույց դնելով հակասությունները։ Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրեց , որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետեր բացելու վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս է, պաշտոնապես շրջանառվում է, և Երևանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանին երեք անցակետի հարցով Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքինՊաշտոնական Բաքուն արձագանքնեց՝ այս առաջարկն անիրատեսական է ու կեղծ, և դարձյալ ճանապարհ պահանջեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն «անիրատեսական» է համարում սահմանի անցակետերը բացելու Երևանի առաջարկըԱրցախի հարցում Երևանի և Բաքվի մոտեցումները ևս իրարարմերժ են
Հայաստանը սկզբնական շրջանում հայտարարում էր, թե Բաքվի հետ բանակցություններում քննարկվում են արցախահայերի իրավունքների և անվտանգության խնդիրները, որից էլ պետք է բխեր կարգավիճակի հարցը։ Երևանը սակայն վերջին շրջանում պնդում է, թե Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրում Արցախին անդրադարձ չի լինի։ Ավելին, Ստեփանակերտը ինքնուրույն պետք է բանակցի Ադրբեջանի հետ՝ միջազգային մեխանիզմների միջոցով։
«Մենք հույս ունենք, որ կկարողանանք ընթացքում ձևավորել այս միջազգային մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ստեղծվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկումներ տեղի ունենա, ինչպես նշեցի, իրավունքների և անվտանգության շուրջ», - ասաց Արմեն Գրիգորյանը։
Օրերս Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը արձագանքելով Արմեն Գրիգորյանին հայտարարությանը՝ ասել էր ,Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. - «Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն»։
Բաքվից և Հայաստանից հնչող իրարամերժ հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանը անցած շաբաթ «Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի ընդլայնված տարրերը»։ Հայաստանն այժմ քննարկում է այդ առաջարկները։