Մատչելիության հղումներ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին


«Ազատությունն» այսօր զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ՝ Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Իշխանությունները լավատես են, որ սահմանագծման հիմքում դնելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, վերջ կդրվեն Ադրբեջանի հավակնություններին 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի նկատմամբ: Դուք դա հիմնավոր համարո՞ւմ եք:

Լևոն Զուրաբյան. - Նախ ես չեմ հասկանում ինչ կապ ունի 91 թվականի ԱՊՀ-ի ստեղծման Ալմա-Աթայի հայտարարությունը այս ամեն ինչի հետ: Եթե այդ հայտարարությունով պետք է երաշխավորվի խաղաղությանը, ուրեմն 91 թվականից պիտի երաշխավորված լիներ:

«Ազատություն». - Երբվանից է՝ Փաշինյանն ասում է, որ ԱՊՀ մտնելիս արդեն Հայաստանն ու Ադրբեջանն իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել էին:

Զուրաբյան. - Այո, միջազգային պրակտիկայում, երբ մի կազմակերպություն ես ընդունվում, դու պետք է ստորագրես այդ կազմակերպության հիմնարար փաստաթղթերը, և մենք դա արել ենք, որտեղ գրված է՝ ճանաչում ես մնացած անդամների տարածքային ամբողջականությունը: Իմիջիայլոց, բացի տարածքային ամբողջականության սկզբունքից այնտեղ նաև կար ազգերի ինքնորոշման սկզբունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության կամ ընդունված բանաձևերի մեջ:

«Ազատություն». - Հավելված քարտեզներ էլ կայի՞ն:

Զուրաբյան. - Հավելված ոչ մի քարտեզ չկար, ոչ մի նման բան չկար: Հիմա եթե այդ տրամաբանությամբ հիմքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, Ալմա-Աթայի այդ հայտարարությունն է, ինչո՞ւ չեն ընդգրկել տարածքային ամբողջականության հետ հանդերձ նաև հղում ինքնորոշման իրավունքի վրա: Հայաստանը երբեք 91 թվականից սկսած երբևիցե չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ փաստաթղթով՝ անհատապես: Այսինքն՝ ոչ թե որևէ կազմակերպության անդամակցելիս, այլ որ հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, որովհետև Հայաստանը երբեք չի նախատեսել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մեր գլխավոր սկզբունքը եղել է աջակցություն ինքնորոշման իրավունքին: Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, պարզ է, նա ուղղակի դիվանագիտական մի խաբեությամբ ուզում է թաքցնել ճշմարտությունը և պատասխանատվությունը այդ ակտի համար, որ առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ըստ էության, համաձայնելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մաս կազմի, թեև դրա մասին դեռ չի ասվում, սա առաջին անգամ է արվում: Եվ Փաշինյանն ուղղակի հատուկ խնդրել է, որ այդ հղումը լինի 91 թվականի վրա, որ այդ պատասխանատվությունից խուսափի: Կներեք, ուրիշ տարբերակ երբեք չի էլ եղել: Ոչ ոք, աշխարհը երբեք չի ճանաչել այլ սահմաններով:

«Ազատություն». - Ալիևը 18-19 թվականներ էր հասել արդեն:

Զուրաբյան. - Ալիևը շատ բան կարող է ասել, և մեր իշխանությունները ամեն ինչը չի, որ պետք է տենց հանգիստ ընդունեն և հակառակը՝ դա խայտառակ հայտարարություն է, որին կարելի էր շատ լուրջ, կտրուկ պատասխանել, բայց չեն անում: Ընդունում ենք նրանց տարածքային ամբողջականությունը, սա մի բան է նշանակում՝ դրանով ոչնչացնում ես հիմերը ռուսական խաղաղապահ ուժերի մնալու մասին, լրիվ վերականգնում ես Ադրբեջանի ինքնիշխանությունը այդ տարածքներում, ընդ որում, ունիտար Ադրբեջանի կազմում, որովհետև ոչ մի կարգավիճակ չի նախատեսվում: Բնականաբար, սա նշանակում է ոչ միայն խաղաղապահ զորքերի դուրս հանում, այլ նաև ամբողջ բնակչության դուրսհանում, որովհետև ոչ մի Ղարաբաղցի այնտեղ չի մնա այդ կարգավորման սահմաններում, շրջանակներում ապրելու համար:

«Ազատություն». - Դրա համար ասվում է՝ անվտանգության մեխանիզմներ, Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն:

Զուրաբյան. - Թույլ տվեք կասկածել դրա վրա, որովհետև ես համարում եմ, որ եթե այդ մեխանիզմով ենք գնում, երկխոսությունը շատ լավ բան է, բայց դա չի կարող լինել Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգության երաշխիքը, որովհետև սա նշանակում է ապավինել լրիվ Ադրբեջանի բարի կամքի վրա, իսկ դա հստակ ապացուցված բան է, որ դա հենց այն բան է, որի վրա ապավինել չի կարելի և հնարավոր չէ:

«Ազատություն». - Ձեզ նույնիսկ չի՞ համոզում ամերիկյան այսչափ ակտիվ ներգրավվածությունը:

Զուրաբյան. - Բայց ամերիկացիները զորքեր են մտցնելո՞ւ այնտեղ:

«Ազատություն». - Բայց մեխանիզմ են ստեղծելու, միջնորդ են դառնալու, որ Ալիևը խոսի արցախահայերի հետ, ապահովի նրանց իրավունքները:

Զուրաբյան. - Շատ լավ, բայց ի վերջո միակ մեխանիզմը լինելու է Ադրբեջանի բարի կամքը: Այդ մեխանիզմին ինչ-որ բան ինձ հուշում է, որ վստահել չի կարելի:

«Ազատություն». - Ինչո՞ւ, եթե անվտանգության մեխանիզմ է ասում, դա կարող է ենթադրել՝ Պաշտպանության բանակը չի լուծարվում, օրինակ, և նրանք են պաշտպանում հայերին այնտեղ:

Զուրաբյան. - Կներեք, շատ կասկածելի եմ համարում, Ադրբեջանը դա կատեգորիկ մերժում է, եթե անգամ, որը ֆանտաստիկայի ոլորտից է, պահպանվի այդ Պաշտպանության բանակը, դա բավականին թույլ երաշխիք է, որովհետև Հայաստանը իրավունք չի ունենա որևէ կերպ մասնակցել Ղարաբաղի անվտանգության պաշտպանությանը: Բայց դա ֆանտաստիկայի ոլորտից է, ոչ մի պաշտպանության բանակ այդ համաձայնությունները չեն նախատեսում, ոչ էլ հավաստի աղբյուրն է նման հավաստիացում անում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG