Միացյալ Նահանգները Ռուսաստանի կողմից չի տեսել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու որևէ ջանք, այս մասին երեկ հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը:
Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ ռուս պաշտոնյաները պնդում են, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանից խլել միջնորդությունն այս հարցում:
«Մտահոգություն չունե՞ք, որ Ռուսաստանը կարող է ևս մեկ անգամ խարխլել գործընթացը, որ դուք սկսել եք», լրագրողի հարցին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանել է. «Եթե որևէ երկիր ուզում է աշխատել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցով և օգնել մեզ՝ հասնելու խաղաղ կարգավորման, մենք, անշուշտ, կողջունենք դա: Բայց նման որևէ ջանք Ռուսաստանի կողմից չենք տեսել»:
Ավելի վաղ նաև Ֆրանսիայի նախագահն էր պնդել, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ - ադրբեջանական հակամարտությունը` Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար:
«Ի՞նչ է կատարվում այդ սահմանին վերջին երկու տարիներին, ըստ հաղորդումների, 5000 ռուս զինվոր է այնտեղ տեղակայվել՝ սահմանի անվտանգությանը երաշխավորելու համար: Բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն», - նշել է Էմանյուել Մակրոնը:
Ռուսական կողմն անհեթեթ էր որակել Մակրոնի այս հայտարարությունը, Ադրբեջանի նախագահն էլ պնդել էր, թե դա կասկածի տակ է դնում Ֆրանսիայի միջնորդական առաքելությունն ընդհանրապես:
Հայաստանի համար կարևոր է անել առավելագույնը Արևմուտք-Ռուսաստան բախման ակտիվ կետի չվերածվելու համար. քաղաքական մեկնաբան
«Գոյություն ունեն 3 զուգահեռ գործընթացներ, կարգավորման ֆորմատներ, և հիմա սրանք բաժանվել են երկու մրցակցող ճամբարների, եթե նախկինում զուգահեռ էին, իրար հետ փորձում էին չհատվել, ապա հիմա իրար հետ հատվում են, իրար հետ մրցակցում են, իրար մեղադրում են, իրարից գողանալու փորձերի մեջ են մեղադրում բանակցային գործընթացը և այլն», - ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում հիմնական միջնորդների մրցակցությունը սպառնում է դրա հաջողությանը, կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս իրավիճակում։
«Հստակ արձանագրել մեր առաջնահերթությունները, մեր կարիքներն ու շահերը՝ առաջին տեղով մենք ինչն ենք ուզում, երկրորդ տեղով ինչն ենք ուզում և այլն։ Երկրորդ փուլում արձանագրել, թե մեր կարիքներից, առաջնահերթություններից որոնք ենք մենք կարողանում սպասարկել էս փաթեթներից յուրաքանչյուրում, հստակ որոշում կայացնել ու աշխատել այդ առաջարկի հետ։ Ամենավտանգավոր բանը, որ կարող ենք անել, արևելյան առևտրականի տրամաբանությամբ փորձել երկուսի հետ էլ խաղալ, երկուսից էլ առավելագույնը ստանալ», - ընդգծեց քաղաքագետը։
Ըստ Քոչինյանի՝ Հայաստանի ընտրության մասին խոսում է վարչապետի այսօրվա հայտարարությունը, թե Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ։
«Դա հենց ընտրությունն է, որի մասին ես խոսում եմ: Որորվհետև մենք տեսնում ենք՝ Ադրբեջանը Աստանայում որոշակի սիրախաղ է փորձում անել Ռուսաստանի հետ և խոսում է նրա մասին, թե ինչքան լավն է ռուսական տարբերակը, Հայաստանը հստակ առաջարկ է անում, ընդ որում՝ բաց ֆորմատով հանդիպելու և շարունակելու բանակցային գործընթացը Բրյուսելում: Սա ճիշտ ուղղությամբ քայլ է, ես կարծում եմ, և կարևոր է, որ հայտարարություններից անցում լինի գործողությունների: Գործողությունները իրենց հերթին չեն սկսվում և չեն ավարտվում հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգով: Գործողություններ նշանակում է նաև որոշակի քաղաքական ընտրություններ Մոսկվայի և Արևմուտքի միջև: Ավելի կոնկրետ՝ դա ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգն է», - ասաց Արեգ Քոչինյանը:
Գերտերությունների պայքարը ստեղծում է անորոշության և անկանխատեսելիության միջավայր, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Նրանք ունեն առնվազն միմյանց որևէ ջանքի էապես խանգարելու հնարավորություն, եթե անգամ չունեն միայնակ որևէ հարց լուծելու հնարավորություն, առնվազն միայնակ որևէ մեկին խանգարելու հնարավորությունները ունեն, և սա, բնականաբար, ստեղծում է բավական անորոշ և ռիսկային միջավայր՝ հաշվի առնելով նաև այն հարակից խնդիրները, որ կան հայ-ադրբեջանական հակամարտությունից բացի: Որովհետև մեծ հաշվով պետք է դիտարկենք նաև, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը գերտերությունների կամ ռեգիոնալ տերությունների համար շատ ավելի միջոց է , քան նպատակ: Միջոց՝ ավելի լայն նպատակների իրագործման կամ սպասարկման ճանապարհին», - նշեց Բադալյանը:
Այս պայմաններում, ըստ Հակոբ Բադալյանի, Հայաստանի համար կարևոր է անել առավելագույնը Արևմուտք-Ռուսաստան բախման ակտիվ կետի չվերածվելու համար։
«Սա ընդհանրապես մեզ կարող է զրկել սուբյեկտության որևէ հնարավորությունից և վերածել բացարձակ օբյեկտի: Սրանք են Հայաստանի խնդիրները, իսկ սա, բնականաբար, պետք է լուծել, շատ պարզ բանաձև է, իհարկե, բոլոր կողմերի հետ ինտենսիվ աշխատանքով՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, եվրոպական խաղացողներ: Իհարկե, նաև մեր անմիջական հարևանների, այդ թվում նաև Թուրքիայի, ես նկատի ունեմ Իրան, Թուրքիա, Վրաստան: Ադրբեջանի հետ աշխատանքը քննարկումների ձևով է և այստեղ արդյունավետության հեռանկարը շատ քիչ է», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Փաշինյանն ու Ալիևը Ֆրանսիայի և Եվրամիության ղեկավարների միջնորդությամբ մեկ շաբաթ առաջ հանդիպել էին Պրահայում։ Դրա հաջորդ օրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սանկտ Պետերբուրգում մասնակցեցին ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, երեկ էլ Աստանայում ԱՊՀ ղեկավարների հավաքին, այս դեպքերում, սակայն Փաշինյան-Ալիև առանձին հանդիպումներ չեղան։ Ռուսաստանի նախագահ Պուտինն էլ երեկ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիրեց հանդիպել Ռուսաստանում։