Մատչելիության հղումներ

Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը


Այսօր Աստանայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը անդրադարձել են սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։

Ամփոփելով Աստանայում այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքները Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, թե Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքները Բաքուն որպես առաջընթաց է ընկալում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։

Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ Ժնևում հոկտեմբերի 2-ին «Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը» և սպասում է Հայաստանի պատասխանին:

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը Հայաստանին կոչ է արել գործնական աշխատանքներ սկսել նաև հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև «կարգավորման գործընթացին նպաստող այլ հումանիտար հարցերի շուրջ»։

Այսօր հանդիպման մեկնարկին Սերգեյ Լավրովն ասել էր, թե հանդիպման ընթացքում հույս ունի քննարկել երեք երկրների ղեկավարների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»:

«Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է խոսելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին՝ կապված իրենց ստորագրած համաձայնագրերի կատարման հետ»,- ասել էր Լավրովը՝ բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Ավելի ուշ ռուսական մամուլը գրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում։

Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG