Գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել սահմանին, կրակը լռեցվել է. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 1:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը, ասված է հաղորդագրությունում:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել», - նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, նաև ասված է հաղորդագրությունում: