Զապորոժիեի ԱԷԿ-ը կրկին զրկվել է արտաքին էլեկտրասնուցումից

Ուկրաինա - Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Թվիթերում գրել է, որ Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էլեկտրասնուցումը կրկին անջատվել է, նշելով՝ վերջին հինգ օրվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է։ Միջուկային անվտանգությունը հիմա ապահովվում է պահուստային դիզել գեներատորի էլեկտրաէներգիայի շնորհիվ։

Ռաֆայել Գրոսին նշել է, որ ատոմակայանի էլեկտրասնուցման աղբյուրների կրկնվող անջատումները խորը մտահոգություն են առաջացնում, և ընդգծել է միջուկային անվտանգության ու պաշտպանության գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը։

Նախօրեին Գրոսին Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսական ուժերը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը գրավել են Ուկրաինա ներխուժելու սկզբում, ու գրեթե ութ ամիս Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հերթական գնդակոծությունից հետո Զապորոժիեի ատոմակայանն ամբողջովին հոսանքազրկվել է