Դատաբժշկական կենտրոնում մի քանի օր առաջ ավարտեցին սեպտեմբերի մարտերում զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման աշխատանքը։
«Մենք մի կողմ դրեցինք մեր բոլոր քրեական գործերը և զբաղվեցինք միայն այդ նմուշներով, միայն ծնողներով, և այն նմուշները, որոնք մեզ ներկայացվել են, այս պահին ամբողջ գործողություններն ավարտված են», - «Ազատությանը» փոխանցեց Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը:
Բոլոր մարմինները լիարժեք նույնականացվել են, հավելում է նա, նրբորեն նկատում, որ ծնողներն այս անգամ որևէ կասկած չեն հայտնել և տարել ու հուղարկավորել են իրենց որդիներին. «Ծնողներ կային, որ երբ որ գերիներին հանձնեցին, դրանից հետո եկան, մենք հասկացանք, որ հույսները կտրեցին, եկան»:
Սեպտեմբերի 13-ից են այստեղ սկսել ԴՆԹ փորձաքննությունները, սկզբում արյան նմուշներ էին, որ ԴՆԹ բնութագրի մշակման տեսանկյունից ավելի քիչ ժամանակ է պահանջում, հետո արդեն ոսկրային:
«Այո, այրված դիակներ ունեցել ենք, խնդիր ունեցել ենք, ցանկացած ԴՆԹ բնութագիր որ ստացել ենք, կրկնել ենք ևս մեկ անգամ, որը մենք պարտավոր ենք անել, այ հենց դրա համար եմ ասում՝ մենք այստեղ ժամանակի խնդիր չունենք, խնդիր ունենք ճշգրիտ նույնականացման՝ լիարժեք բնութագիր ստանալու համար», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանինԱվելի քան 200 զոհ ու անհետ կորած սեպտեմբերյան այս մարտերի հետևանքով. թվերի հստակեցում պաշտոնապես առայժմ չկա, դատաբժշկական կենտրոնում նույնականացման ենթակա մարմիններ արդեն չկան, բայց կան ծնողներ, որ արյուն են հանձնում՝ իրենց որդիներին թեկուզ զոհված գտնելու համար: Քանի ծնող է այս մարտերից հետո որոնում իր որդուն՝ այս թիվն էլ Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հրապարակում:
«Կամոյինն ա, Արթուրինն ա, իմն ա, Վարիկին ա, ու էլի ծնողներ կան, որ իրենց երեխեքը մինչև առայսօր անհայտ են», - ասում է Սերժիկ Ղազարյանը, հավելելով՝ միայն 8 զինծառայող՝ Վերին Շորժայի դիրքերից չկան՝ իր տղան նրանց հետ: Ինքը փնտրել է որդուն Ադրբեջանի հանձնած 95 մարմինների մեջ, չկա. «Եղել է 14 ծնող, որից 6-ը դիերը արդեն տվել են ծնողներին, իսկ էն մնացածը սպասողական վիճակում են՝ չգիտեն՝ գերի են, թե հլը ձորակի մեջ են կամ ուր են»:
Ենթադրում է, որ որդին Վերին Շորժայի ձորերում է մնացել, իսկ որոնողական աշխատանք սկսելու հնարավորություն ադրբեջանական կողմը չի տալիս: Սերժիկ Ղազարյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունն էլ ոչինչ չի անում անհետ կորած զինվորների ճակատագրերը պարզելու համար: Ինքը 15 օր առաջ ամեն դեպքում արյուն է հանձնել, որևէ համընկում չկա:
Դատաբժշկական կենտրոնի միջանցքում երկու մեծ սառնարաններ կան, այստեղ խորը սառեցմամբ, կոդավորված պահվում են զոհերի փորձաքննության ենթարկված ոսկրային նմուշները:
«Որպեսզի ցանկցած պահի, ցանկացած գործողություն, որ կուզեն անել կամ կամ կրկնել, կամ վերահաստատեն, Քննչական կոմիտեի միջնորդությամբ մենք նմուշները ներկայացնում ենք անձերին, որոնք որ կուզն դուրս տանել», - նշում է Մարինե Բաղդասարյանը:
Այդ դաժան արխիվում 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներին վերջերս ավելացել են այս մարտերում զոհվածների նմուշները: