Մի անգամ չի, որ հայերս ընկել-բարձրացել ենք. Գուրգեն Խանջյան

Լույս է տեսել մեր ժամանակների ամենահայտնի գրողներից մեկի՝ Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը, որը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։

Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը գրում է, որ այս վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի, բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները՝ ներառելով նաև համավարակն ու պատերազմը, հերոսի հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման։

Գուրգեն Խանջյանի այս նոր վեպը շնորհանդեսի ներկայացվեց Գրքի երևանյան փառատոնի շրջանակներում, որի ընթացքում «Ազատության» հետ զրույցում հարցին, թե ինչու է գիրքը խորագրել «Համավարակ», արդյո՞ք դա նշանակում է, որ գիրքը մեր ժամանակների մասին է, հեղինակն ասաց. - «Համավարակն արդեն ասում ա, որ բան հասավ նաև էդ կովիդին, պատերազմը նույնպես ներառվեց, որովհետև գրելուս ընթացքում, վեպը սկսելուց հետո էդ բոլորը տեղի ունեցավ, ես չկարողացա դրա կողքով անցնել։

«Ազատություն». - Այսօր ինչ-որ բան փոխվո՞ւմ է;

Խանջյան. - Առայժմ տեղում դոփում ենք, երբեմն էլ հետքայլեր ենք անում։ Իհարկե նենց չի, որ կործանվելու ենք, մի անգամ չի, որ հայերս ընկել-բարձրացել ենք։ Բայց հիմա էս պահին չեմ տեսնում... Քանի որ աշխարհում էլ վիճակը սարսափելի ա, և էդ բոլորը հետադարձ խփում ա մեզ։ նաև աշխարհը շատ ա զբաղված այլևայլ բաներով, ու էդ քողի ներքո Ադրբեջանը ոնց որ թե ավելի ա ձերբազատվել, Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ։ Եթե Ադրբեջանը մենակ լիներ, մեր բազկի ուժը կներեր, ինձ թվում է։ Բայց դե աջից, ձախից, վարձկաններով-բաներով, ինչ ասես բերին։ Ցավ է երիտասարդների հազարավոր կորուստները... Շատ ծանր ժամանակներ են։ Դրա համար ես միշտ մտածում եմ, որ պատերազմի ժամանակ պիտի երևի քառասունից-հիսուն տարեկաններին ուղարկեն պատերազմ, ջահելներն ափսոս են։ Էդ տարիքում մարդիկ արդեն ինչ-որ բան տեսել են, էրեխեք ունեն... էդքան ցավալի չի լինի։ Բայց էդ բանը կա. միշտ պատերազմին պիտի տասնութ-քսան տարեկանները գնան զոհվեն...

«Ազատություն». - Ասում են, գրողները կանխագուշակելու մեծ ունակություններ ունեն։ Ինչպիսի՞ ապագա եք տեսնում Հայաստանի համար

Խանջյան. - Եթե էս ընթացքով գնաց, երևի իսկապես էդ 29 հազար 800 քառակուսին կլինի, երևի մի քանի հարյուր էլ կպակասի մինչ այդ։ Դրա վրա նորովի պիտի սկսենք, հնով արդեն չի շարժվի տեղից, չի գնա։ Էս տարաձայնությունները, էս կասկածները... ճիշտ են թե ճիշտ չեն, բայց արդեն նենց մթնոլորտ ա ստեղծված, որ սա հնարավոր չի։

«Ազատություն». - Գրականությունը դեր ունի՞ այսօր մեր հանրությունը միավորելու կամ այդ կասկածները փարատելու։ Կամ առհասարակ ի՞նչ դեր ունի։

Խանջյան. - Փառք Աստծո, գրքի նկատմամբ աշխուժություն կա, բայց ինքը էդ դերը չունի, որովհետև էսօրվա հերոսները ուրիշներն են՝ քաղաքական գործիչներն են, պոպուլիստները։ Ցավոք, էդպես է։ Բայց հույս կա, որ ամեն ինչ պտտվում-վերադառնում ա։ Մի օր կարող ա կատակլիզմ լինի, հոսանք չլինի, մարդիկ էլի մոմի լույսին մնան, արդեն ձերբազատվեն ինտերնետից և նորից դառնան գրքերին։ Իհարկե կատակլիզմ թող չլինի։ Բայց դա մի բան ա, որ հնարավոր ա, երկրագունդը հենց-ընենց իրա համար պտտվում ա էս ահռելի տիեզերական տարածքում, չգիտես ինչի կհանդիպի մի օր։

Հավելենք, որ Գուրգեն Խանջյանի նոր լույս ընծայած վեպը «Համավարակը» տարբերվում է գրողի նախորդ վեպերից, որտեղ կարմիր գծով անցնում է մարդու մենության և սեփական անձի խոր փնտրտուքի փիլիսոփայությունը։ Նրա նոր վեպի հերոսը մի երիտասարդ է, որը հայրենիք վերադառնալով կապվում է իր երկրին ոչ թե նրա անսահման հրապուրանքների, այլ հայրենիքում տիրող ցավի ու պատերազմի պատճառով։

Գուրգեն Խանջյանը հաստատելով շեշտում է, որ իհարկե լավ կլիներ չլիներ համավարակը, պատերազմը, գուցե այդ դեպքում վեպն էլ չլիներ, ասում է գրողն ու հավելում՝ այլ վեպ լույս աշխարհ կգար։