Գրքի երևանյան 5-րդ փառատոնը երեկ երեկոյան ամփոփվեց Առնո Բաբաջաբյան համերգասրահում՝ արդեն ավանդական դարձած գրական մրցանակաբախշությամբ 4 անվանակարգերում։
Եվ այսպես, փառատոնի մրցանակակիրն են. արձակի անվանակարգում՝ Տիգրան Պասկևիչյանը, պոեզիայի անվանակարգում՝ Մարինե Պետրոսյանն ու Կարեն Անթաշյանը, «Դրամատուրգիա և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում՝ Աննա Դավթյանն ու Խաչիկ Գրիգորյանը։
Երիտասարդ մանկագիր Խաչիկ Գրիգորյանն ասաց. - «Միշտ կապի մեջ եմ եղել պարոն Խանջյանի հետ, որովհետև «Գրեթերթում» մի քանի գրված բաներ ունեմ, և ինձ համար սա նույնպես շատ մեծ մոտիվացիա է շարունակելու։ Շնորհակալ եմ շատ»։
Պոեզիայի անվանակարգում հաղթած երկու մրցանակակիրներից բանաստեղծ Կարեն Անթաշյանը մրցանակը ստանալուց հետո ասաց. - «Շատ խորհրդանշական է, որովհետև Մարինեի բանաստեղծությամբ ես էնքան եմ հիանում, իմ համար ամենագլխավոր հայ բանաստեղծներից մեկն ա։ Նրա հետ կիսել էս բեռը իրականում շատ հուզիչ ա իմ համար»։
Արձակի անվանակարգում այս տարվա մրցանակակիր Տիգրան Պասկևիչյանը մրցանակը ստանալուց հետո ընդգծեց. - «Շնորհակալություն։ Ես նաև ուրիշ շնորհակալություն ունեմ հայտնելու Գրքի 5-րդ փառատոնին։ Այս օրերին առիթ ունեցա փառատոնի շրջանակում ներկայացնելու ինձ հետ կապ ունեցող երկու գիրք, որոնք շատ մեծ հաջողություն ունեցած փառատոնի ընթացքում։ Եվ կարծում եմ, որ սա լավ առիթ է մեր ստեղծածը տեղ հասցնելու։ Ուղղակի ես միշտ որպես պոետ եմ հայտնի եղել, հիմա ստացվեց, որ առաջին անգամ մրցակակ եմ ստանում արձակի համար»։
Դրամատուրգ Աննա Դավթյանը մեր ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց իր պիեսը, որի համար արժանացել էր մրցանակի. - «Ես ներկայացրել էի «Մի նավաբեռ մեխակներ Հրանտ Դինքի համար» պիեսը, որը գրել եմ Եղեռնի հարյուրամյակի կապակցությամբ գերմանական մի թատրոնի պատվերով։ Եվ պիեսը երկու տարի բեմականացվել է Գերմանիայում և մեծ հաջողություն է ունեցել»։
Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն էլ ընդգծեց, որ շուտով լույս կտեսնի իր նոր բանաստեղծական ժողովածուն, որի համար մրցանակի է արժանացել. - «Իրանք կապ ունեն էսօրվա իրականության հետ։ Լիրիկական չեն»։
Փառատոնի կազմակերպիչ ԿԳՄՍ նախարարության Գրականության բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը՝ գնահատելով եռօրյա փառատոնի ձեռքբերումն ասաց. - «Գրքի երևանյան փառատոնից մեր սպասելիքները ամբողջությամբ իրականացան։ Տեղի ունեցավ մեզ համար շատ բարդ պայմաններում, բայց կարծես մի լույս էր, մի կում թարմ օդ էր։ Եվ մարդիկ դա փաստեցին շփումներում, կարծում եմ, նաև լիցքաթափվեցին ու լիցքավորվեցին նոր գաղափարներով, նոր էներգիայով։ Ի վերջո սա այնպիսի հարթակ է, որը պետք է օգտագործել մտագրոհի համար՝ նոր նախագծեր ծնելու։ Հուսամ, որ Գրքի երևանյան փառատոնը վեցերորդ տարում կունենա նույն հաջողությունը, մի բան էլ ավել...»
Այս տարի գրական այս մրցանակաբաշխությանը մասնակցելու համար երկու հարյուր գրող էր դիմել։ Մրցութային հանձնաժողովի անդամ, գրականագետ Հայկ Համբարձումյանի համոզմամբ. - «Նախկինում մենք զարմանում էինք, որ Գրողների միությունը էդքան անդամ ունի։ Գրողների միություն էլի էդքան անդամներ ունի, բայց գրողների միությունից դուրս էլի կրկնակի, եռակի մարդիկ գրում են։ Վերջին շրջանում գուցե շատացել է ավելի, որովհետև թերապիայի պես ինչ-որ մի բան է, բոլորը ցանկանում են արտահայտվել, հատկապես՝ գրական ձևի մեջ։ Եվ բոլոր ժանրերում էլ տեսնում ենք, օրինակ, պատերազմական թեման, մարդկանց մտահոգող բաներ, շատ անձնական բաներ... Էս բոլորը ինձ համար հանգանքի և ակնածանքի արժանի բաներ են, մարդիկ էս դժվար ժամանակներում գիրն են ընտրում որպես ինքնարտահայտման ճանապարհ»»