Սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվում է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը, որը գրողի, գրահրատարակչի և ընթերցողի մի յուրօրինակ հանդիպավայր է։
Այս տարի փառատոնը մեկնարկեց Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ առանձին տաղավարներով իրենց աշխատակիցների հետ մեկտեղ տպագրած գրքերը ցուցադրության և 25-40 տոկոս զեղչով վաճառքի են ներկայացրել 35 հրատարակչություններ։
«Արի» գրական գործակալության և «Արի» գրահրատարակչության տնօրեն Արևիկ Աշխարոյանն ասաց. - «Փաստացի տարվա ընթացքում ամենակարևոր գրքային միջոցառումն է և ամենամեծ։ Անկախ պայմաններից։ Պատերազմ է, կովիդ է թե ինչ է, ես շատ կարևորում եմ, որ իրականանա այս միջոցառումը, չհետաձգվի, որովհետև սա տոն է ուրիշ իմաստով։ Սա ավելի շատ մեր մտքի տոնն է, սա ընթերցողների համար է տոն, որովհետև իրենք կարող են զեղչերով ի վերջո իրենց ուզած գրքերը ձեռք բերել։ Դրա համար ես շատ կարևորում եմ։ Ուղղակի մի մեծ ցանկություն ունեմ, որ տարին տարվա վրա շատ բան բարելավվի։ Մեր տաղավարները ավելի լավը լինեն, տարածքը ավելի հարմարավետ լինի։ Միջոցառումների առումով տեսնում եմ, որ մեծանում է, հագենում է ամեն տարի ծրագիրը, բայց տեխնիկական խնդիրները, հուսով եմ, որ պիտի կարողանան լուծել»։
Փառատոնի երեք օրերի ընթացքում ավելի քան 60 գրական միջոցառումներ են նախատեսված՝ հանդիպումներ գրողների հետ, նոր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, բանախոսություններ և այլն։
Ինչպես ընդգծում է «Գրանիշ» հրատարակչության և կայքի գլխավոր խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը, սա հրաշալի առիթ էընթերցողի համար ծանոթանալ ոչ միայն հայ ժամանակակից գրականության, այլև հայ ժամանակակից գրողների հետ. - «Հիմնադրման օրվանից սկսած այս փառատոնը ինձ համար գրքի տոն եղել։ Կարևոր է շատ մեր ընթերցողների հետ հանդիպումը, որովհետև փառատոնը հնարավորություն է տալիս գրքի հրատարակչին, դիզայներին, էջադրողին, հեղինակին և այլն, բոլորին մեկտեղ տեսնել իրար հետ, և ընթերցողների հետ նրանց շփումը։ Ինչ է ուզում էսօրվա ընթերցողը, ինչ պահանջներ ունի։ Նաև շատ քննարկումներ կան։ Այսինքն՝ գրքային տոն է, գրքային մթնոլորտ է ապահովում, ինչը շատ կարևոր քայլ եմ համարում մեր իրականության մեջ»։
«Էդիտ Պրինտ» հրատարակչության մարքետինգի բաժնի պատասխանատու, արձակագիր Դավիթ Սամվելյանի խոսքով, մեր այս դժվար օրերում հենց այսպիսի գրական իրադարջությունները կարող են լավատեսությամբ համակել մարդկանց. - «Իրականում որքան էլ բարդ է, բայց ապրել, կրթվել, զարգանալ պետք է։ Այս առիթը, ինձ թվում է, ամենածանրակշիռ և ամենաիմաստ ունեցող առիթներից մեկն է, որ էս օրերում մեր երկրում կա։ Ինքը, ինչպես միշտ, առաջին հերթին տոն է ընթերցասերի համար, որովհետև ընթերցասերը հնարավորություն է ունենում ծանոթանալ տարբեր և բազում հրատարակչությունների նորություններին։ Իրականում գրողի երջանկությունը նա է, երբ որ իր գործը ավելի շատ են ճանաչում, քան թեկուզ իրեն։ Ուզում ենք հասանելի դարձնել, անջրպետ կոտրելու համար ա էս միջոցառումը»։
«Զանգակ» հրատարակչության մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի խոսքով, գրքի այս փառատոնը տարեցտարի ամրակայվում է մեր հանրության ընթերցասեր հատվածի կողմից, որին էլ մատուցվում է հրատարակիչների կատարած հսկայական աշխատանքը. - «Իհարկե շատ մեծ գործ է արվում, քանի որ ամեն տարի հասարակության ուշադրությունը բերելով դեպի գիրքը, դեպի գրականությունը, ավելի կարևորում և արժեվորում է։ Եվ հասարակությունը հասկանում է, որ գիրքը վերականգնում է իր կարևորությունը և նշանակությունը, քանի որ գիրքը ունի առանձին փառատոն, այս տարվանից նաև փառատոներ։ Շատ ընթերցողներ են գալիս, գրքեր են զեղչով գնում, շատ հանդիպումներ են լինում։ Այս տարի էլ շատ կարևոր է, քանի որ արտասահմանից բազմաթիվ հյուրեր ունենք։ Ոլորտը զարգացնելու համար շատ-շատ մեծ դեր ունի փառատոնը»։
«Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանն ասաց. - «Գրքերի տեսականին չափազանց մեծ է։ Այս երեք օրվա ընթացքում վաճառվելու են 25-30 տոկոս զեղչով։ Նաև առանձնահատուկ ընդգծեմ, որ մենք այս տարի ունենք մի քանի կարևոր շնորհանդեսներ, որոնց ընթացքում ներկայացնելու ենք հայ ժամանակակից հեղինակներին։ Ինչպես գիտեք, «Անտարեսը» շատ-շատ է տպագրում և հրատարակում ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Մասնավորապես նշեմ, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպի շնորհանդեսը, Հուսիկ Արայի «Կորած սերունդ» գրքի շնորհանդեսը, Գուրգեն Մահարու երկերի տասնյոթհատորյակը ամբողջական կներկայացվի, որն արդեն իսկ ավարտին է հասցվել, Վահրամ Մարտիրոսյանի «Մեջքով երազի քո կեսին հենված» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» վեպի շնորհանդեսը։ Ի դեպ, վերջինս ֆենթըզի ժանրից է, և հայ ժամանակակից գրականության մեջ այնքան էլ շատ չեն ֆենթըզի ժանրի ստեղծագործությունները։ Մենք հուսով ենք, որ այն կդառնա հաջորդ Հարի Փոթերը նոր սերնդի համար»։
Գրքի երևանյան 5-րդ փառատոնի բացմանը ներկա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Լավատեսություն է ներշնչում այս ամենը։ Ամենաանկեղծ իմ շնորհակալությունն եմ հայտնում գրահրատարակիչներին, որովհետև ամենաշնորհակալ աշխատանքն են անում։ Եվ անում են մի գործ, որի արմատը ամենախորն է՝ մեր հոգևոր կյանքն է։ Գրականություն, թարգմանական գրականություն, թարգմանական գրականության ինչ ալիք կա այսօր, բոլոր հրատարակչությունները ունեն թարգմանական ծրագրեր։ Մենք այսօր ինտենսիվ կերպով յուրացնում ենք աշխարհում առկա, աշխարհում նորահայտ գեղարվեստական միտքը, փիլիսոփայական միտքը, քաղաքագիտական միտքը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ անկախ մեր շուրջը տիրող այս ողբերգական իրադարձություններից, մենք կամք ունեցանք այս միջոցառումները իրականություն դարձնել։ Որովհետև ի վերջո թշնամին մեզնից պահանջում է մի բան՝ դադարենք ցանկանալ ապրել։ Եվ շատ հեշտ է այսօր ամեն օր լսվող զոհերի այդ տրամադրության մեջ հրաժարվել ամեն ինչից, բայց, կարծում եմ, որ հենց այսօր, հենց այս բեկումնային փուլում յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք մեր աշխատանքը, աննահանջ կերպով պետք է անենք մեր աշխատանքը։ Ինչպես զինվորը չի լքում իր խրամատը, իր դիրքը, այնպես մեզանից յուրաքանչյուրը իրավունք չունի լքելու կամ թուլանալու։ Եվ այն, ինչ այսօր կա, սա մեր գոյության վկայությունն է, ես համարում եմ լավագույն վկայություններից մեկը»։