Չավուշօղլու. «Ֆրանսահայերի մի մասը դեմ է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ, Անթալիա

Թուրքայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ստրասբուրգում, թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ասել է, որ Ֆրանսիայում բնակվող հայերի մի մասն ընդդիմանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը:

Թուրքական համայնքի հետ նախարարի հանդիպման տեսագրությունը տեղադրվել է նրա Թվիթերի էջում:

Նախարարը նշել է, թե «որոշ համայնքներ դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և թշնամանք են քարուզում»: Նա հայրենակիցներին կոչ է արել «պայքարել նմանօրինակ երևույթների դեմ»:

Չավուշօղլուն ասել է, թե «թուրք-ամերիկյան ազգային համակարգող խորհուրդը հաջողությամբ պայքարում է Թուրքիայի և թուրք ժողովրդի հասցեին հայ համայնքի տարածած զրպարտությունների դեմ»:

Ըստ Չավուշօղլուի՝ առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարող է այցելել Թուրքիա: