Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել, հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները:
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում տեղեկացնում է, որ «մի քանի պայթյուն» է որոտացել Կիևի Շևչենկոյի շրջանում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչ Սվետլանա Վոդոլագան հեռուստաալիքներից մեկին հայտնել է, որ Կիևի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ և զոհեր։ Ներքին գործերի նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովի խոսքով՝ մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում զոհվել է 8 մարդ, ևս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Վերջին անգամ Կիևը հրթիռակոծվել էր հունիսի վերջին` 14 հրթիռներից մեկը Շևչենկոյի շրջանում հարվածել էր բարձրահարկ շենքին, մեկ մարդ մահացել էր, վեցը՝ վիրավորվել։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը Կիևից բացի հարվածներ է հասցրել նաև այլ քաղաքների և շրջանների, տուժել են խաղաղ բնակիչներ:
Դնեպրում, ըստ տեղական իշխանությունների, առնվազն չորս պայթյուն է որոտացել։
Լվովում ևս մի քանի պայթյուն է որոտացել: «Լվովում պայթյուններ են լսվում ՀՕՊ-ն աշխատում է, մնացեք ապաստարաններում», - գրել է քաղաքապետը:
Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավարը նույնպես հայտարարել է քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին. - «Զապորոժիեի կենտրոնում հրթիռակոծության հետևանքով կրկին ավերվել է բազմահարկ բնակելի շենք։ Կան զոհեր»։