Արդյոք ՀԱՊԿ անդամությունը սահմանափակո՞ւմ է այլ երկրներից զենք գնելու գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանը զենք գնելու հարցում խնդիրների է բախվում. Շրջափակման մեջ գտնվող երկիր դժվար է զենք հասցնել, բացի այդ, ըստ Փաշինյանի, ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին, եթե անգամ պատրաստ են վաճառել՝ ոչ բոլորն են պատրաստ հաշտվել այդ հեռանկարի հետ, ինչը կարող է անվտանգային նոր խնդիրներ ստեղծել՝ դրանք լուծելու փոխարեն:

«Ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանի Հանրապետությանը։ Կան երկրներ, որոնք պատրաստ են զենք վաճառել Հայաստանի Հանրապետությանը, բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի», - նշել է վարչապետը:

Արդյոք ՀԱՊԿ անդամությունը սահմանափակո՞ւմ է այլ երկրներից զենք գնելու գործընթացը, ո՞ր երկրներից են զենք գնում ՀԱՊԿ անդամները, նաև՝ Հայաստանը, ե՞րբ և ի՞նչ զենք է վաճառել ՀԱՊԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին, և ի՞նչ գումարներ են Հայաստանն ու Ադրբեջանը ծախսել ռազմական նպատակներով: «Ազատությունն» անդրադարձել է այս հարցերին: