Առաջիկա օրերին ԵՄ-ն կկազմի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան, արխիվ, Կիև, 27 սեպտեմբերի, 2022թ.

Եվրոպական միությունն առաջիկա օրերին կկազմի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը, և Ֆրանսիան հուսով է, որ այն արագ կընդունվի, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

«Ֆրանսիան ցանկանում է արագ ընդունել պատժամիջոցների նոր եվրոպական փաթեթը: Առաջիկա օրերին այդ աշխատանքը կավարտվի».- ասել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, Ֆրանսիան և Եվրամիությունը Ռուսաստանի հանդեպ վարում են «աննախադեպ կոշտ սանկցիոն քաղաքականություն»:

Եվրամիության կողմից պատժամիջոցների են ենթարկվել Ռուսաստանում 1200 ֆիզիկական անձ և ավելի քան 100 ընկերություն:

«Պատժամիջոցների նպատակն է առավելագույն ճնշում բանեցնել և Ռուսաստանին զրկել հակամարտությունը շարունակելու հնարավորությունից»,- ասել է Կատրին Կոլոննան և ավելացրել, թե «մյուս կողմից, ոչ Ֆրանսիան և ոչ էլ Մեծ 7-ի որևէ այլ երկիր պատերազմի մեջ չեն Ռուսաստանի հետ»: