Մատչելիության հղումներ

Պուտինը ուկրաինական ևս չորս շրջան բռնակցեց Ռուսաստանին


Այսօր Վլադիմիր Պուտինը ուկրաինական ևս չորս շրջան բռնակցեց Ռուսաստանին՝ Կրեմլի Գեորգիևսկի դահլիճում ստորագրելով Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկն ու Լուգանսկը Ռուսաստանին միավորելու համաձայնագրեր: Այս մարզերի մեծ մասն այսօր օկուպացված է ռուսական զորքերի կողմից։

«Ես ուզում եմ, որ Կիևի իշխանություններն ու Արևմուտքում նրանց իրական տերերը լսեն ինձ, որպեսզի բոլորը հիշեն դա: Լուգանսկում և Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ապրող մարդիկ դարձել են մեր քաղաքացիները։ Ընդմիշտ», - հայտարարեց Պուտինը։

Նրա ելույթից մի քանի ժամ առաջ ռուսական բանակը հերթական հարվածն է հասցրել Զապորոժիեին, որը Պուտինը ռուսական տարածք է համարում։ Զոհվել է 25 խաղաղ բնակիչ։ Խոսելով պատերազմի մասին՝ Պուտինը կրկին մեղադրեց Արևմուտքին, Կրևին հորդորեց զենքերը վայր դնել։ Ընդ որում, ընդգծեց, որ բանակցություններում այս չորս շրջանների կարգավիճակի հարցն այլևս չի կարող քննարկվել. - «Մենք կոչ ենք անում Կիևի վարչակազմին անմիջապես դադարեցնել մարտերն ու բոլոր բռնությունները, և վերադառնակ բանակցությունների սեղանի շուրջ»։

Պուտինը պնդեց, թե այժմ «մարտ է գնում մեծ պատմական Ռուսաստանի» համար՝ առանց հավելյալ մանրամասների։

Ռուսական քաղաքական էլիտան ծափերով ողջունեց իր առաջնորդին և նոր տարածքներ բռնակցելու նրա որոշումը։

Ղրիմը ներառյալ, այս շրջանները կազմում են Ուկրաինայի տարածքի քսան տոկոսը։ Կիևն ու Արևմուտքը կտրականապես մերժում և միանշանակ դատապարտում են ռուսական անեքսիան։

«Միացյալ նահանգները երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի իշխանությունն այդ տարածքների վրա», - դեռ երեկ հայտարարել էր նախագահ Ջո Բայդենը: Այսօր արդեն Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ, որոնք տարածվում են հազարից ավելի անձանց և ընկերություների վրա։

«Կոչ եմ անում միջազգային համայնքի բոլոր անդամներին մերժել ապօրինի անեքսիայի Ռուսաստանի փորձերը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Եվրամիությունը ևս աշխատում է պատժամիջոցների նոր, ավելի ըդնարձակ փաթեթի վրա։ Ուկրաինայի առաջնորդն իր հերրթին հայտարարել է՝ Կիևը Մոսկվայի հետ չի բանակցի, քանի դեռ Ռուսաստանի նախագահը Պուտինն է։

Բրյուսելը նաև հայտարարում է, թե «Կրեմլի միջուկային սպառնալիքները, պնդումները, որ այժմ կարող է պատերազմ ծավալվել Ռուսաստանի տարածքում, չեն սասանի եվրոպացիների վճռականությունը»։

Այսօր ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արդեն սպառնացել էր՝ հստակեցնելով, թե այս շրջաններին հարվածները Մոսկվան կդիտի որպես հարված Ռուսաստանին և համապատասխան կարձագանքի։ Պուտինը է'լ ավելի հեռուն գնաց և ընդգծեց, որ այս նոր տարածքները ռուսական կողմը կպաշտպանի բոլոր հնարավոր միջոցներով։

Բացի այդ, իր խոսքում նա ևս մեկ անգամ անդրադարձավ միջուկային հարվածին՝ շեշելով, թե Ճապոնիային միջուկային հարվածներ հասցնելով Միացյալ Նահագնաները նախադեպ են ստեղծել. - «Մենք մեր բոլոր ուժերով ու միջոցներով կպաշտպանենք մեր հողը և ամեն ինչ անելու ենք մեր ժողովրդին ապահով կյանք ապահովելու համար»։

Ուկրաինան հայտարարում է, որ զենքի ուժով կպայքարի ռուսական վերահսկողության տակ գտնվող այս տարածքները վերադարձնելու համար։

Նախագահ Զելենսկին այսօր հայտարարել, թե Կիևը դիմում է ՆԱՏՕ-ին արագացված կարգով անդամնակցելու համար. - «Մենք մեր պաշտպանական քայլն ենք անում՝ ստորագրելով ՆԱՏՕ-ի արագացված անդամակցության դիմումը»։

Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի ռուսական անեքսիան դատապարտող բանաձևը։ Փաստաթղթի հեղինակներից մեկը Միացյալ Նահանգներն է։ Սակայն փաստաթուղթը ամենայն հավանականությամբ չի ընդունվի, քանի որ Ռուսաստանը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից։

XS
SM
MD
LG